MyInvest. Ամերիաբանկը գործարկել է ներդրումային առցանց հարթակ

16.06.2023 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#MyInvest #Ամերիաբանկ
Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին եւ վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։

Բանկից հայտնել են, որ MyInvest-ը շուկայում առաջին հարթակն է, որտեղ հասանելի են միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաներ եւ 15000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսեր ու պարտատոմսեր, ինչպես նաեւ հայկական բաժնետոմսեր, կորպորատիվ եւ պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։

«MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնել յուրաքանչյուրին, ով փնտրում է խնայողությունների ներդրման այլընտրանքային տարբերակներ, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով եւ այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցվել է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետեւել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաեւ ցանկացած պահի հետեւել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Ամերիաբանկի Առեւտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային եւ բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը նշել է, որ տարիներ շարունակ լինելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ դերակատարներից մեկը` բանկը մշտապես նպաստել է ոլորտի զարգացմանը:

«Պատահական չէ, որ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող «AMX Award» մրցանակաբաշխությանն այս տարի Ամերիաբանկը լավագույնը ճանաչվեց միանգամից 6 անվանակարգում: Սա եւ հաճելի է, եւ, միեւնույն ժամանակ, պարտավորեցնող: Գործարկելով MyInvest-ը` հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա եւ կստեղծի նախադրյալներ Հայաստանում ներդրումային շուկայի աշխուժացման ու զարգացման համար»,-ասել է Դիանա Հակոբյանը։

Նշվում է, որ հունիսի 7-ից MyInvest հարթակում հասանելի են նաեւ Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը. Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով (IPO) տեղաբաշխում է Team Telecom Armenia ընկերության 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս: Team-ը հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացնում է IPO։ Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: MyInvest հարթակով Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելիս ներդրողները հնարավորություն ունեն արժեթղթերի հաշիվը բացել ավտոմատ եղանակով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 25391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW