ԿԲ. Մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել՝ կազմելով 1.3%

13.06.2023 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ
2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել եւ ամսվա վերջին կազմել է 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1%:

Հայաստանի կենտրոնական բանկից հայտնել են, որ 2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, եւ 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել։

«Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս պահպանվում են բարձր մակարդակներում: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Ֆինանսական խիստ պայմանների ներքո պահանջարկի շարունակական թուլացումը նպաստում է ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ:

2023 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության եւ ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Աշխատանքի շուկայում դիտարկվող դրական տեղաշարժերը եւ արտադրողականության աճը պայմանավորում են նաեւ տնտեսության ներուժային աճի որոշակի ավելացումը։

Մյուս կողմից, պահպանվող արտաքին բարձր պահանջարկը եւ տնտեսությունում եկամուտների ավելացումը դրականորեն են նպաստում պահանջարկի ընդլայնմանը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության եւ դրամի արժեւորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի եւ գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների եւ որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում:

Նշվում է, որ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա եւ միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ.

«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»:
Դիտում՝ 2645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW