“Անհրաժեշտ է պահպանել ֆինանսական կայունությունը”,- ասել է ՀՀ վարչապետը

16.12.2008 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պետք է պահպանի ֆինանսական կայունությունը, ինչպես նաեւ օգտագործի բոլոր հնարավոր լծակները ազգային տնտեսության եւ արտահանման զարգացումը խթանելու համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կառավարության ղեկավարն այդ մասին ասել է` պատասխանելով “Գոլոս Արմենիի” թերթի “Թեժ գծի” հարցերին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դեռեւս շատ ուժեղ խոցված չէ համաշխարհային տնտեսական ճգնաժամի կողմից:

“Մենք պետք է պահպանենք մակրոտնտեսական կայունությունը. բոլոր մակրոտնտեսական չափանիշները պետք է լինեն պետության խիստ կառավարման ներքո: Դա ներդրողների համար կայունություն կապահովի: Անհրաժեշտ է զուգահեռաբար պահպանել ֆինանսական կայունությունը, ինչպես նաեւ օգտագործել բոլոր հնարավոր լծակները ազգային տնտեսության եւ արտահանման զարգացումը խթանելու համար: Այդ տեսանկյունից պետք է վարել խիստ մտածված քաղաքականություն, այդ թվում նաեւ տոկոսադրույքների պարագայում: Մի կողմից, կառավարությունը պետք է հետեւի վճարային հաշվեկշռին, մյուս կողմից` պոտենցիալ համախառն արդյունքին եւ այլ մակրոցուցանիշներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ամսվա ընթացքում ինֆլյացիոն ռիսկերը կրճատվում են, Հայաստանը սկսել է ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ ներկրել: Դրանց գների իջեցումը Կենտրոնական բանկին թույլ է տալիս եւս մեկ անգամ դիմել տոկոսադրույքների քաղաքականությանը: Հաշվի առնելով այն, որ նախորդ ամսվա ընթաքում մենք արձանագրել ենք համախառն ազգային արդյունքի աճի տեմպի կրճատում, տոկոսադրույքների քաղաքականությունն առաջիկայում կարող է փոփոխվել դեպի իջեցում: Սակայն դա պետք է կատարել մտածված եւ առանց կարծրատիպերի”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում աջակցել բնակչության գնողունակության պահպանմանը արտասահմանից մասնավոր տրանսֆերտների կրճատման պայմաններում, Տիգրան Սարգսյանն ասել է.

“Բնակչության գնողունակությանը նպաստող շարժիչը 2009 թվականի պետբյուջեով նախատեսված սոցիալական ծրագրերն են: Հաջորդ տարի սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը կտրուկ ավելանալու են: Մենք մտադիր ենք նաեւ էապես ավելացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները: Հուսով ենք, որ այդ նպատակով կկարողանանք ներգրավել մոտ $250 մլն”:

Վարչապետը շեշտել է նաեւ, որ “մեր հակաճգնաժամային ծրագրի կարեւոր բաղադրիչներից է լինելու հավաքական խորհրդատվությունը”: 

“Մենք անընդհատ խորհրդակցելու ենք համաշխարհային ֆինանսական եւ հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների հետ: Այդ ամենն անհրաժեշտ է գրագետ լուսաբանել ԶԼՄ-ներում, որպեսզի մարդիկ հստակ, հավաստի տեղեկատվություն ունենան եւ ճիշտ որոշումներ ընդունեն”,- նկատել է Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպե՞ս կազդի երկիրը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու Հայաստանի կառավարության ծրագրերի վրա, վարչապետն ասել է.

“Մենք նոր աշխարհակարգի, հետարդյունաբերական հասարակության նոր անթոլոգիայի ձեւավորման վկաներ ենք: Մենք ականատես ենք լինելու կտրուկ, ուժեղ, որակական փոփոխությունների: Իսկ դա հնարավորություն է, որն անհրաժեշտ է օգտագործել: Ճգնաժամից հետո կշահեն այն երկրները, որոնք ճիշտ կկողմնորոշվեն այդ փոփոխությունների պայմաններում, կձեւավորեն ճիշտ լանդշաֆտ եւ ճարտարապետություն: Մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի օգտագործել այդ հնարավորությունները եւ ստեղծել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն”:

 

Դիտում՝ 13423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW