«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախի ջերմոցների վերազինման ծրագիր կիրականացնի

08.06.2023 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մենք ենք մեր սարերը» գործակալություն #Արցախ #ջերմոցներ
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի ջերմոցների վերազինման ծրագիր, որը կմեղմի շրջափակման հետեւանքով ստեղծված պարենային ճգնաժամը:

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ստիպում է քայլեր իրականացնել պարենային ինքնաբավության ապահովման ուղղությամբ:

«Այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Այն կարեւոր է թե պարենային անվտանգության ապահովման, թե ապագայում բիզնեսի զարգացման, թե այս իրավիճակում Արցախում աշխատատեղերի պահպանման ու նորերի ստեղծման տեսանկյունից: Ծրագիրը նպաստելու է նաեւ գյուղատնտեսության մեջ նոր ստանդարտների ներդրմանը, ինչը չափազանց կարեւոր է ոլորտի զարգացման առումով»,- ասել է նա:

Ծրագիրը նախատեսում է շուրջ 14․000 քմ ջերմոցային տնտեսությունների վերազինում` հովացման, խոնավացման, լուսավորման, ջեռուցման, ոռոգման եւ պարարտացման համակարգերով, ինչ հնարավորություն կտա բարձրացնել տնտեսությունների արդյունավետությունն ու զգալիորեն ավելացնել արտադրանքի ծավալները:

Նշվում է, որ ծրագրի շահառու կարող են դառնալ 300 եւ ավելի քմ տարածք ունեցող ջերմատների սեփականատերերը։ Ջերմատների վերազինման աշխատանքների ընդհանուր արժեքի 95%-ի ֆինանսավորումն ապահովվելու է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից՝ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով (որից 45%-ը ձեւակերպվելու է անտոկոս փոխառության տեսքով), իսկ 5%-ը վճարելու է սեփականատերը:
Դիտում՝ 7942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW