Կառավարությունն այսօր հաստատել է Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, եւ ունի զարգացման զգալի ներուժ։ «2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի համեմատ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան 2 անգամ։Ծրագրի հիմնական նպատակն է շարունակական զարգացնել դեղագործական արդյունաբերությունը եւ բարձրացնել Հայաստանի դեղորայքային ինքնաբավության մակարդակը։ Սա հնարավոր է՝ ապահովելով տեղական դեղերի արտադրության ծավալների աճ, տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալների աճ, ներքին շուկայում տեղական արտադրության դեղերի մասնաբաժնի ավելացում, արտադրողականության բարձրացում»,- ասել է նախարարը։ Վահան Քերոբյանը նշել է, որ ակնկալվում է 2027 թվականին դեղագործական ոլորտի արտադրության ծավալները հասցնել 40 միլիարդ դրամի, իսկ արտահանման ծավալները՝ 25 միլիարդ դրամի, աշխատողների քանակը հասցնել 1500 մարդու։ Ոլորտի խթանման միջոցառումների բյուջեն կազմելու է շուրջ 2.5 միլիարդ դրամ: Tweet Դիտում՝ 2779