Դիանա Գալոյան. ՀՊՏՀ-ն այս տարի արձանագրել է դիմորդների թվի աննախադեպ աճ

11.05.2023 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
Մայիսի 10-ին ավարտվել է 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն  ուսումնական հաստատությունների դիմորդների հայտագրումը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս դիմորդների բացարձակ թվով  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հանրապետությունում երկրորդ բուհն է ԵՊՀ-ից հետո։

ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ,, պրոֆեսոր Դիանա Գալոյանը Banks.am-ին ասել է.

«Այս տարի ՀՊՏՀ ընդունվելու հայտ է ներկայացրել 1669 դիմորդ կամ dimord.am համակարգում հայտագրված դիմորդների 12,7 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ, մեր համալսարանի դիմորդների թիվն աճել է 190-ով կամ 12,9 տոկոսով։ Առցանց համակարգով հայտագրված դիմորդների թիվը հանրապետությունում աճել է 4,4 տոկոսով, ինչը նշանակում է, որ ՀՊՏՀ դիմորդների թիվն աճում է գրեթե 3 անգամ ավելի արագ տեմպով, քան հանրապետության դիմորդներինը»։

Ինչ վերաբերում է դիմորդների՝ ըստ մասնագիտությունների բաշխմանը, ապա այս առումով Տնտեսագիտական համալսարանը հանրապետությունում ամենաշահեկան դիրքում է:

Մասնավորապես՝ 3 ամենապահանջված մասնագիտություններից 2-ը ՀՊՏՀ մասնագիտություններ են՝ կառավարում եւ ֆինանսներ, 5 ամենապահանջված մասնագիտությունների շարքում 3-ն են ՀՊՏՀ մասնագիտությունները, 10-յակում՝ 5-ը։

10 ամենապահանջված մասնագիտությունների շարքում երկուական մասնագիտություն ունեն ԵՊՀ-ն եւ ԵՊԲՀ-ն եւ 1 մասնագիտություն՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

«Կարծում ենք՝ ՀՊՏՀ դիմորդների աննախադեպ աճը պայմանավորված է ոչ միայն դիմորդների հետ տարվող հետեւողական աշխատանքով, այլեւ վերջին տարիներին բուհում տեղ գտած որակական բարեփոխումներով, որոնք նպատակաուղղված են ուսումնական ծրագրերի՝ միջազգային ստանդարտներին եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցմանը, ակադեմիական կազմի վերապատրաստումներին եւ գործնական ոլորտից լավագույն մասնագետներին ակադեմիական կազմում ներգրավելուն, գործատուների հետ տարվող աշխատանքներին, միջազգայնացման ընդլայնմանը։ Մեր համալիր բարեփոխումների վերջնարդյունքն այն է, որ Տնտեսագիտական համալսարանը պատրաստում է որակյալ կրթությամբ եւ աշխատաշուկայի պահանջները բավարարող բարձր գործունակություն եւ հմտություններ ունեցող մասնագետներ։ Հատկանշական է, որ ՀՊՏՀ բարձր հեղինակությունը նպաստում է կրթական ծառայությունների շուկայում մեր բուհի դիրքերի տարեցտարի ամրապնդմանը»,- ընդգծել է Դիանա Գալոյանը։
Դիտում՝ 8639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW