Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային եւ մասնավոր ոլորտների ղեկավարների եւ մասնագետների համար:Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացի ընթացքում ներկայացվել է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերը: Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր եւ «Մատենա» միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ չնայած շրջափակման դժվարություններին՝ դեռ անցյալ տարի մեկնարկած ծրագրերը շարունակվում են: «Ես ուրախ եմ, որ ծրագրին մասնակցելու համար մեծ թվով հայտեր են ստացվել: Սա եւս մեկ անգամ վկայում է, թե որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարեւորում է գիտելիքը: «Մատենա»-ի այս երրորդ ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը՝ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր հնարավոր է հաղթահարել», - ասել է Ռուբեն Վարդանյանը:«Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ «Մատենան» ձգտում է միջազգային լավագույն դպրոցների փորձը տարածել Հայաստանում եւ Արցախում: «Համակարգերը, ինստիտուտներն ստեղծողը մարդն է, մասնագետը, դուք եք: Ու հենց դուք պետք է ստանձնեք այդ պատասխանատվությունը: Ժամանակակից աշխարհում այլեւս չկան մշտական գիտելիքներ կամ մշտական հմտություններ, ամեն ինչ անընդհատ եւ մեծ արագությամբ փոխվում է: Եվ որպեսզի դուք պատրաստ լինեք այդ համակարգերը ստեղծելու եւ առաջնորդության պատասխանատվության, դուք պարբերաբար պետք է ներգրավված լինեք սովորելու գործընթացում: Սա ժամանակակից աշխարհի ամենաէական պահանջներից է»,- նշել է Ռուբեն Հայրապետանը:Ծրագրում ընդգրված է շուրջ 50 մասնակից Արցախի պետական եւ մասնավոր ոլորտներից: Tweet Դիտում՝ 3528