ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2023 թվականի մարտին 12-ամսյա գնաճը երկում կտրուկ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 5.4%։«Համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ։ Բարձր պահանջարկը եւ գնաճային սպասումները շարունակում են նպաստել առանձին ապրանքային խմբերում բարձր գնաճի պահպանմանը։ ԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում կնվազի` տարեվերջին կայունանալով 4%-ի շուրջ»,- ասուլիսի ժամանակ ասել է Մարտին Գալստյանը։ԿԲ նախագահը նշել է, որ, եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։«Մեզ համար շատ կարեւոր է ծառայությունների հատվածը կամ կոշտ գները. այստեղ մի քանի զարգացում կա, որը ցույց է տալիս, որ գնաճի դեմ մեր պայքարում դեռ վեջնականապես չենք հաղթել։ Առաջինը՝ արտաքին պահանջարկով պայմանավորված ծառայությունների գների հետեւողական աճն է Հայաստանում։Ծառայությունների ոլորտում գնաճն ավելի բարձր է, քան մեր թիրախը։ Մենք ամսական 6-8% գնաճ ունենք որոշակի ծառայությունների մասով։ Դրանց մի մասը պայմանավարված է արտաքին ուժեղ պահանջարկով, իսկ մյուս գործոնը ՀՀ-ում աշխատավարձերի աճն է»,- մանրամասնել է ԿԲ նախագահը։Նա նշել է, որ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ «հույսով, որ մեր կողմից տրված ազդակներն իրենց ազդեցությունը կունենան արտաքին պահանջարկի զսպման վրա»։«Արդյունքում կնկատենք նաեւ ծառայությունների որոշակի գնանկում, ինչը թույլ կտա մեզ վերադառնալ ընդլայնողական դրամավարկային քաղաքաականության իրականացման»,- ասել է ԿԲ նախագահը Tweet Դիտում՝ 1475