Վարդան Ջհանյան. Պետք է երկրաբանական ներդրումներ բերել Հայաստան

01.04.2023 | 08:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Ջհանյան #Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Հայաստանում 1000 հետախուզական նախաձեռնություններից միայն մեկն է դառնում հանք։

Այդ մասին հայտարարել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Երկրաբանի օրվա կապակցությամբ ուղերձում։

«Երկրաբանությունը դարեր շարունակ ներկա է եղել հայ մարդու մասնագիտությունների շարքում՝ քարե դարից ի վեր հայը փնտրել եւ գտել է հողի տակ թաքնված բարիքը եւ ծառայեցրել այն զարգացմանը։ Հայկական խորհրդային երկրաբանական դպրոցը համարվում էր ամենաուժեղներից մեկը։ Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացած էր ոչ միայն որովհետեւ հողը մեզ տվել էր բարիք, այլեւ որովհետեւ մեր երկրաբանները արել էին խորհրդային տարիների ամենակարեւոր երկրաբանական հայտնագործություններից մի քանիսը։

Այսօր երկրաբանությունը, ցավոք, մեր ուժեղ կողմերից չէ՝ ոչ մեր մասնագետների մեղքով։ Երկրաբանական ներդրումները շուկայական տնտեսությունում համարվում են ամենառիսկայինը։ Տարբեր հաշվարկներով 1000 հետախուզական նախաձեռնություններից միայն մեկն է դառնում հանք։ Իսկ դա նշանակում է, որ երկրաբանական աշխատանքների մեջ ներդրված գումարի զգալի մասը այդպես էլ ներդրողին օգուտ չի բերում։ Հետեւաբար, մենք պետք է լրացուցիչ ջանքեր դնենք երկրաբանական ներդրումներ Հայաստան բերելու համար։ Այսօր, երբ ողջ աշխարհը փող է ներդնում վերականգնվող էներգիայի եւ էլեկտրական մեքենաների համար անհրաժեշտ մետաղների որոնման համար, այդ գումարները գնում են այն երկրներ, որոնք համարվում են երկրաբանական ներդրումների տեսանկյունից կանխատեսելի եւ կայուն։ Քչերը գիտեն, որ աշխարհի երկրաբանական ներդրումների միայն 2 տոկոսն է բաժին ընկնում հետխորհրդային երկրներին (չհաշված՝ Ռուսաստանը), հենց վերը բերված պատճառներով։ Երկրաբանական ներդրումներն արվում են Կանադայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, այլ եվրոպական երկրներում ու նույնիսկ մեր հարեւան երկրներում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դուրս մնալ այս մրցակցությունից։ Մենք պետք է հնարավորություն տանք մեր երկրաբաններին, երկրաբանների երիտասարդ սերնդին նորից ապացուցել այս գիտության կարեւորությունը երկրի ապագայի համար։ Վստահ եմ, որ հաջողելու ենք՝ բոլորիս համատեղ ջանքերով», - ասել է Վարդան Ջհանյանը:
Դիտում՝ 5449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW