ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ապրիլի 1-ից անցում կկատարվի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին:«Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է: Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձեւավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չի եղել: Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի եւ ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջեւ կապը»,- կառավարության նիստին ասել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գորոծոնները: «Օրինակ, նախկինում կար մոտեցում տաքսիստների համար կամ խմբային մոտեցում մինչեւ 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար: Ապրիլի 1-ից գործելու է առցանց հարթակ, որտեղ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկը ու, ըստ այդմ, կարող են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը»,- ասել է Մարտին Գալստյանը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ ազատականացված համակարգի գործարկմամբ ՀՀ ավտոսեփականատերերի 56%-ի համար ապահովագրության գինը նվազելու է, 21%-ի համար մնալու է նույնը, 23%-ի համար`թանկանալու։«Նոր կարգը եւ գնային առաջարկների տարբերությունը թույլ կտա նաեւ պետական մարմիններին ապահովագրության գնման ընթացակարգն անցկացնել բացառապես մրցութային կարգով։ Այլեւս որեւէ գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի: Կհաղթի այն ընկերությունը, որը կառաջարկի նվազագույն գինը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 5237