Binance խոշորագույն կրիպտո բորսան իր բլոգում հայտարարել է «Վրաստանում բոլորովին նոր բլոկչեյն հանգույցի» բացման մասին: «Ստեղծելով այս Web3 ավանպոստը՝ մենք հույս ունենք տաղանդավոր մասնագետներին ներգրավել բլոկչեյն ոլորտ, նպաստել թվային ֆինանսների հետ կապված կրթական նախաձեռնություններին եւ Վրաստանի կրիպտո արդյունաբերության զարգացմանը»,- ասված է հայտարարության մեջ:Ներկայումս Binance-ի Վրաստանի թիմը բաղկացած է 25 հոգուց: Տարածաշրջանային հանգույցի գործարկումով Binance-ն ակնկալում է, որ մինչեւ 2023 թվականի ավարտը կավելացնի տասնյակ նոր աշխատատեղեր: Բացի այդ, Binance-ը կակտիվացնի ջանքերը՝ բլոկչեյն ոլորտում կրթությունն ուժեղացնելու եւ տարածաշրջանում կրիպտոյի ներդնումն արագացնելու համար:Նշվում է, որ Binance-ի տարածաշրջանային նոր հանգույցի ստեղծումը տեղի է ունենում տեղական պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ երկար ամիսների արդյունավետ համագործակցության եւ համայնքային միջոցառումների շարքից հետո:Այս տարվա փետրվարին Binance-ը հայտարարեց Վրաստանի նորարարությունների եւ տեխնոլոգիաների գործակալության (GITA) հետ ռազմավարական համագործակցության, Binance Charity բարեգործական նախաձեռնության մեկնարկի (սատարում է կանանց ուղղված Web3 կրթությունը) եւ BNB Chain հաքաթոնի մասին: Մասնավորապես, GITA-ի հետ համագործակցությունը կաջակցի Binance-ի լայնածավալ կրթական եւ համայնքային նախաձեռնություններին, որոնք ուղղված են Վրաստանում թվային ակտիվների ոլորտի զարգացման արագացմանը:2023 թվականի հունվարին Binance-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի բիզնեսի եւ տեխնոլոգիաների համալսարանի (BTU) հետ։ Մարտին այդ օրինակին հետեւեցին եւս չորս առաջատար կրթական հաստատություններ՝ Ալտե համալսարանը, Քութաիսիի միջազգային համալսարանը, Վրաստանի ամերիկյան համալսարանը (GAU) եւ Կովկասյան համալսարանը: Ըստ այս համաձայնագրերի՝ Binance-ը եւ Binance Academy-ն կտրամադրեն կրթական նյութեր եւ կազմակերպչական աջակցություն՝ օգնելու գործընկեր հաստատություններին զարգացնել իրենց հմտությունները բլոկչեյն կրթության ոլորտում:Իսկ անցած շաբաթ BNB Chain-ը GITA-ի հետ համագործակցությամբ Վրաստանում անցկացրեց եռօրյա Web3 հաքաթոն: Միջոցառումը թույլ տվեց մշակողներին շփվել BNB Chain-ի մասնագետների հետ եւ ստուգել իրենց Web3 հմտությունները: Հաղթողները ստացան դրամական մրցանակներ, ինչպես նաեւ մշտական հասանելիություն BNB Chain-ի ծրագրերին:«Binance-ի համար Վրաստանը կարեւոր կետ է մեր քարտեզի վրա: Մինչ օրս մենք երեք հանդիպում ենք անցկացրել այստեղ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 2000 մարդ: Մենք տեսնում ենք հսկայական ներուժ եւ հետաքրքրություն, ինչպես կրիպտո համայնքի, այնպես էլ բիզնեսի կողմից երկրում թվային ակտիվների զարգացման հարցում»,- նշել է Binance-ի տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Սմերկիսը (Vladimir Smerkis):2022 թվականի նոյեմբերին Binance-ի գործադիր տնօրեն Չանպեն Չժաոն (Changpeng Zhao) առաջին անգամ այցելեց Վրաստան: Այդ այցի ընթացքում նա հանդիպեց երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ տեղի գործարար ու կրիպտո ոլորտի ներկայացուցիչների հետ։ Լուսանկարը՝ eonardo.osnova.io «Վրաստանում հանգույցի բացումն այն երկխոսության տրամաբանական շարունակությունն է, որը մենք անցած տարի սկսել ենք կառավարության հետ։ Հանգույցի շնորհիվ մենք կուժեղացնենք երկրում մասնագետների հավաքագրման ծրագրի զարգացումը, ինչպես նաեւ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք Binance-ի տարածաշրջանային ներկայությանը»,- ասել է Վրաստանում Binance-ի գլխավոր կառավարիչ Գեորգի Չագելիշվիլին: Tweet Դիտում՝ 12206