Աշխարհում IPO-ների ընդհանուր ծավալը 2023 թվականի սկզբից ի վեր կազմել է ընդամենը $19,7 միլիարդ՝ տարեկան կտրվածքով նվազելով 70%-ով, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Bloomberg-ի հաշվարկները։Սա շատ ավելի քիչ է, քան 2021 թվականի (մոտ $200 միլիարդ) եւ 2022 թվականի ($50 միլիարդ) նույն ժամանակահատվածում: Միաժամանակ, բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխումների ծավալը տարեսկզբին աճել է`տարեկան կտրվածքով ավելանալով 48%-ով, եւ կազմել $76 միլիարդ: Դա պայմանավորված է համաշխարհային շուկաների աճով, որը տեղի է ունեցել 2023 թվականի ամենասկզբում, ինչպես նաեւ տոկոսադրույքների բարձրացմամբ եւ, համապատասխանաբար, պարտքի սպասարկման ծախսերի ավելացմամբ։Շուկայի մասնակիցները հույս ունեին, որ 2023 թվականին նախնական տեղաբաշխումների ծավալը կարող է վերականգնվել՝ Չինաստանի կողմից հակակովիդային կոշտ միջոցներից հրաժարվելու, ինչպես նաեւ համաշխարհային կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացման ավարտի պատճառով: Սակայն խոշոր տնտեսություններում սպասվածից բարձր գնաճի տեմպերը եւ բանկային հատվածում առկա խնդիրները հետ են պահում ընկերություններին բորսա դուրս գալուց:Ինչպես նշել են Citigroup-ում, շուկա մուտք գործելու համար հիմնական «խնդիրը» հենց տոկոսադրույքներն են, եւ շուկայի մասնակիցները դեռ չունեն միասնական կոնսենսուս՝ որքան երկար կարող է տեւել դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլը եւ ինչ տեմպերով կաճեն տոկոսադրույքները:«Ներդրողները նյարդայնանում են բարձր անորոշության պատճառով եւ չեն շտապում ներդրումներ կատարել այն ընկերություններում, որոնց մասին ոչինչ չգիտեն»,- նշել է Ninety One ընկերության պորտֆելային կառավարիչը:Սակայն որոշ վերլուծաբաններ իրենց կանխատեսումներում «զգուշավոր լավատեսություն են» պահպանում ընկերությունների՝ կապիտալի շուկա դուրս գալու առումով։ «Բանկային խնդիրները, որոնք սկսվեցին ամերիկյան SVB-ի փլուզմամբ, ավելի շատ վստահության ճգնաժամի ախտանիշներ են թվում, քան ավանդական վարկային ճգնաժամ»,- ընդգծել են Barclays-ում: Tweet Դիտում՝ 3385