Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծ վնասներ է պատճառում Արցախի տնտեսությանը: Ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 միլիոն դրամ ($1.9 միլիոն)։ Այս մասին նշվում է «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույցում», որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից: Զեկույցը պատվիրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Փաստաթուղթը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ մասնագիտորեն վերլուծել եւ գնահատել է, թե շրջափակման հետեւանքով որ ոլորտներում եւ ինչ ծավալի կորուստներ է կրում Արցախը: «ՀՆԱ-ի կորուստների, սոցիալական լրացուցիչ ծախսերի եւ բյուջեի հարկերի կորուստների գնահատականները թույլ են տալիս համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքների եւ ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 753 մլն դրամ ($1.9 միլիոն)։ Ընդ որում, որքան երկար տեւի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ վնաս է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետեւապես եւ՝ գնահատված ծախսերին, եւ դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը»,- ասվում է զեկույցում:Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է չորս մոտեցումով՝ կիրառելով տարբեր գործիքակազմ։ Տնտեսական ծախքերի գնահատումից զատ, փորձ է արվել գնահատել նաեւ սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որը տնտեսական կառուցակարգերի փլուզման հետեւանքով անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության եւ անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։ Նշվում է, որ զեկույցում արտացոլված թվերը չեն ներառում չկատարված անհրաժեշտ ծախսերի արդյունքում արտադրության գործոնների մաշվածությունը եւ բուֆերների ստեղծումը։ Սակայն արձանագրվում է, որ այս երկու գործոններն Արցախի տնտեսության համար ապագայում առաջացնելու են զգալի ֆինանսական ծախսեր, որոնք կարող են հասնել նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների։Ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար զեկույցում կարեւորվում է բուֆերների ստեղծումը։ «Այսօր իսկ անհրաժեշտ է ձեւավորել բուֆերներ, որոնք նմանատիպ դեպքերում հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական եւ տնտեսական ծախքերը։ Որպես այդպիսի ծախսերի ուղղություններ կարող են հանդիսանալ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահպանման համար անհրաժեշտ պահեստների կառուցումը, վառելիքային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահուստավորման համար նոր ենթակառուցվածքներ ստեղծումը, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձեւավորումը եւ դրանց անվտանգ պահպանման համար անհրաժեշտ պահոցների ստեղծումը եւ այլն»,- նշվում է փաստաթղթում։ Tweet Դիտում՝ 2917