«Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կամ նյութերը Հայաստան կներմուծվեն առանց մաքսազերծման։Արտոնություն տրամադրելու որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում:Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նիստի ժամանակ ասել է, որ մաքսային արտոնության տրամադրման արդյունքում Երեւանի ավտոպարկը կթարմացվի, կկրճատվեն նաեւ խցանումները՝ պայմանավորված մարդատար ավտոմեքենաների քանակով եւ ավտոբուսների անսարքություններով:Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված 150 միջին դասի ավտոբուս:Քերբյանի խոսքով՝ դրանք նոր շարժակազմով կհամալրեն քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները՝ ավելացնելով ավտոբուսային երթուղիների քանակը։«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Նախատեսվում է նաեւ ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,- ասել է նա:Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին տեղեկացրել է, որ չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն Հայաստանում են:«Մոտավորապես 30 օրվա ընթացքում ավտոբուսները երթուղի կմտնեն»,- ասել է Տիգրան Ավինյանը։Երեւանի փոխքաղաքապետը նշել է նաեւ, որ միասնական տոմսային համակարգ է ներդրվելու եւ ավտոբուսներում, եւ մետրոյում: «Ավտոբուսների եւ մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ եւ բերվելու է մեկ միասնական տրամաբանության: Ամենայն հավանականությամբ, այս տարվանից ունենալու ենք ավտոբուսների առանձնացված գծեր, ավտոբուսը խցանումների մեջ չի լինելու, եւ մեր նպատակն է հնարավորինս բոլորին մղել դեպի հանրային տրանսպորտ, որպեսզի մեր քաղաքի խցանումների ծավալը նույնպես նվազեցնենք»,- եզրափակել է նա: Tweet Դիտում՝ 3176