Թիմ ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցը

06.03.2023 | 21:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թիմ ընկերությունների խումբ #«Գրանդ Հոթել Երեւան»

«Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել Թիմ ընկերությունների խումբը:

Այս մասին հայտնել են իտալական Ռենկո ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան եւ Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր կայացած մամուլի ասուլիսին։

Ամփոփելով նախորդ 25 տարիներին հյուրանոցի գործունեությունը՝ Անդրեա Դելլասանտան նշել է, որ այն Ռենկոյի պատմության մեջ նշանակալի դեր ունի։

«1998-ին հյուրանոցը ձեռք բերելուց հետո մենք նախաձեռնեցինք դրա վերակառուցումը՝ պահպանելով այն նախնական տեսքը, որն ունեցել էր այս պատմական շենքը։ Այս գործարքով հյուրանոցի պատմության մեջ նոր էջ է բացվում»։

2004 թվականին «Երեւան» հյուրանոցը դարձել է «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցային ցանցի անդամ, իսկ 2013-ից մինչեւ 2016 թվականը միացել նույն ընտանիքի «Ռոյալ Թուլիփ» բարձրակարգ հյուրանոցների ցանցին որպես 5-աստղանի հյուրանոց եւ վերանվանվել «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեւան»։ 2016 թվականից մինչ օրս հյուրանոցը մաս է կազմում Small Luxury Hotels of the World ցանցին եւ կոչվում «Գրանդ Հոթել Երեւան»։

««Երեւան» հյուրանոցը 95 տարի եղել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը եւ այդպես էլ կմնա՝ շարունակելով ծառայել այն նպատակին, որի համար կառուցվել է։ Մենք անելու ենք ամեն ինչ հյուրերի բացառիկ փորձառությունն ապահովելու եւ նրանց երեւանյան հանգիստը հիշարժան ու հաճելի դարձնելու համար»,- իր խոսքում ասել է Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հավելելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։

Նշվում է, որ երկու ընկերությունների միջեւ գործարքն իրականացվել է Ակբա բանկի ֆինանսավորմամբ։

Թիմ ընկերությունների խմբին են պատկանում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաեւ Buy.am առցանց մոլը։

Դիտում՝ 7896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW