Թբիլիսիում կվերանորոգվի Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տունը

03.03.2023 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Մելիք-Ազարյանց #Թբիլիսի #տուն
Թբիլիսիի ամենագեղեցիկ շենքերից մեկում՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի տանը, սկսվել են վերականգնման նախապատրաստական աշխատանքները։

NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Silk Development ընկերությունը: Ներկայում ներդրումային խմբին է պատկանում Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող պատմական շենքի մեծ մասը, որը զբաղեցնում է գրեթե մի ամբողջ թաղամաս։

Մելիք-Ազարյանցի բազմահարկ տունը կառուցվել է անցած դարի սկզբին՝ ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Այն ժամանակների համար տունը շքեղ էր ոչ միայն արտաքնապես. այն ուներ սեփական էլեկտրամատակարարում, ջրմուղ, ջեռուցում, արվեստի պատկերասրահ եւ էկզոտիկ բույսերով այգի, կինոթատրոն եւ ֆոտոստուդիա, ինչպես նաեւ այլ հարմարություններ։ Խորհրդային տարիներին Թբիլիսիի ամենակենտրոնում գտնվող տունը վերածվել էր հսկա կոմունալ տան։

2007 թվականից սկսած Silk Road խումբը բնակիչներից գնում էր բնակարանները, այժմ ընկերությանն է պատկանում ընդհանուր տարածքի մինչեւ 80%-ը։ Տարածքի մնացած մասը պատկանում է առանձին բնակարանների եւ կոմերցիոն տարածքների սեփականատերերին։

Silk Development-ը հայտնել է, որ ավարտել է շենքի նկուղային հարկերի մաքրման աշխատանքները. այստեղ տասնամյակներ շարունակ կենցաղային աղբ է կուտակվել եւ այն փաստացի վերածվել էր աղբանոցի։ Աշխատանքները հնարավորություն են տվել գնահատել տարածքի ընդհանուր վիճակը, որին հնարավոր չէր հասնել աղբի պատճառով։

Շենքի վերականգնման եւ արտաքին տեսքի պահպանման վերջնական նախագիծը կհամաձայնեցվի Թբիլիսիի քաղաքապետարանի հետ, ասված է հաղորդագրության մեջ։

19-րդ-20-րդ դարի սկզբի խոշոր հայ գործարար եւ բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը ծնվել է Թբիլիսիում 1847 թվականին։ Վրաստանի երբեմնի ամենահարուստ բնակիչներից մեկը մահացել է 1923 թվականին Թբիլիսիում։

Ռուսթավելի պողոտայում գտնվող նրա տունը տխուր պատմություն ունի: Ընկղմվելով հսկայական նոր նախագծի մեջ, որը տասնամյակներով առաջ էր իր ժամանակից ենթակառուցվածքների եւ շինարարական մոտեցման առումով, Մելիք-Ազարյանցը փորձում էր մեղմել իր դուստրերից մեկի մահվան ցավը:

Ի հիշատակ դստեր՝ նա կարգադրել էր տունը զարդարել քարե ծաղկաշղթաներով, իսկ շենքի անկյունի վերին հարկի պատուհանների որմնախոռոչներն արցունքի տեսքով էր արվել:
Դիտում՝ 9828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW