Կառավարությունը տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել է 1 միլիարդ 100 միլիոն դրամ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար:Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է անհրաժեշտ գումարի հատկացումը 2023 թվականի պետական բյուջեից։ Նույն որոշմամբ անհրաժեշտ բոլոր գնումների գործընթացների պատվիրատուի իրավասությունները հանձնվել են Երեւանի քաղաքապետարանին։ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասել է, աշխատանքները բաղկացած են երեք փուլից. առաջին փուլն արդեն իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, հիմա կարիք կա հաջորդ փուլերի համար վճարել նախագծող ընկերությանը։«Երեւանի քաղաքապետարանն արդեն վճարել է 545 միլիոն դրամը, ամբողջ արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Առաջարկում ենք հատկացնել 1 միլիարդ 100 միլիոն, մնացած տարբերությունը հետագայում քաղաքապետարանը կլրացնի»,- ասել է Գնել Սանոսյանը:Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ներկայացրել է մանրամասներ՝ նշելով, որ նախնական հաշվարկներով, Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը տեւելու է 48 ամիս:«Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ: Կայարանի շինարարությունը ենթադրում է նաեւ մետրոկամուրջ:Մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն նույն գծով շարունակվելու է երկու ուղղությամբ. մեկը՝ Դավթաշենի ուղղությունն է, մյուսը՝ Աջափնյակի խորքը»,- ասել է Տիգրան Ավինյանը:Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ Փեթակի տարածքում եւս մի կայարան ստեղծելու հարցը.«Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ աշխատանքներ»: Tweet Դիտում՝ 4114