«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023թ. հունվարին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների տվյալները։ • 2023թ. հունվարին արդյունաբերության աճի տեմպը շարունակել է զիջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.4%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 10.5%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը երկարաժամկետում բացասական երեւույթ է եւ կարող է հանգեցնել տնտեսության պոտենցիալի նվազմանը։• Հարկերի աճի տեմպը նույնպես զիջել է տնտեսության աճին։ Հարկային եկամուտների աճը 2023թ. հունվարին կազմել է 15.3%: Սակայն, եթե դիտարկենք տնտեսական ակտիվության անվանական աճը, այսինքն՝ հաշվի առնենք նաեւ գնաճի ցուցանիշը, ապա այն կկազմի 19.5%: Իհարկե, մեկ ամսվա տվյալներով հարկային եկամուտների վերաբերյալ դատողություններ անելը դժվար է, քանի որ հունվարին գեներացված հարկերը հիմնականում վճարվում են փետրվարին (բացի այդ, առկա է նաեւ օրենսդրական փոփոխություն՝ կապված արտահանման տուրքի հետ)։ Սակայն, հաշվի առնելով այն, որ 2022թ. արդյունքներով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում տեղի չի ունեցել (հարկեր/ՀՆԱ-ն 2022թ. մնացել է նույն մակարդակում՝ կազմելով 22.7%), ապա ստվերային տնտեսության կրճատման եւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կառավարության թիրախի (մինչեւ 2026թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է լինի առնվազն 25%) իրատեսականությունը կասկած է հարուցում: Վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության շարունակական բարելավում, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկային եկամուտների՝ տնտեսության համեմատ առաջանցիկ աճ եւ կատարել կառավարության ծրագրի թիրախը։Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։ Tweet Դիտում՝ 3367