Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել Վրաստանի Ազգային բանկի մասին օրինագծի վրա
24.02.2023 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sputnik.tj

«Ես վետո եմ դնում «Վրաստանի Ազգային բանկի մասին» օրգանական օրենքի փոփոխությունների վրա, քանի որ դրանք անհրաժեշտ, հրատապ եւ հիմնավորված չեն»,- ասված է Վրաստանի ղեկավարի նախօրեին հրապարակած հայտարարության մեջ։
Զուրաբիշվիլին նշել է, որ այժմ Վրաստանի Ազգային բանկում կա երեք փոխնախագահ, եւ իր համար անհասկանալի է, թե ինչու խորհրդարանին անհրաժեշտ եղավ ավելացնել առաջին փոխնախագահի պաշտոնը։ Երկրի ղեկավարը հույս ունի, որ պատգամավորները չեն նախաձեռնի վետոն հաղթահարելու ընթացակարգը, այլ կկիսեն ու հաշվի կառնեն իր դիտողությունները։
Փետրվարի 9-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել էր Ազգային բանկի մասին օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ ֆինանսական կարգավորիչի ղեկավարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է առաջին փոխնախագահը։
Ավելի վաղ նախագծի նախաձեռնողներից մեկը՝ ֆինանսաբյուջետային կոմիտեի ղեկավարի տեղակալ Պաատա Կվիժինաձեն, պարզաբանել էր, որ գործող նորմերով Ազգային բանկի ղեկավարի պարտականությունները կատարում էր նրա երեք տեղակալներից մեկը, եւ պարզ չէր՝ որ փոխնախագահը պետք է դա անի: Ըստ նրա՝ առաջին փոխնախագահի պաշտոնի ներդնում անհրաժեշտ է նաեւ կարգավորիչի՝ որպես սահմանադրական մարմնի անխափան գործունեության համար։
Միաժամանակ, ինչպես հաղորդում է NewsGeorgia-ն, ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) քննադատել էր Վրաստանի Ազգային բանկի կառուցվածքում կատարված փոփոխությունները։ «Ազգային բանկի կառուցվածքի փոփոխությունը պահանջում է ուսումասիրություն եւ խորհրդատվություններ, որպեսզի վնաս չհասցվի դրա վստահությանն ու անկախությանը»,- ասված է ԱՄՀ առաքելության զեկույցում։
Իր հերթին, Վրաստանի Ազգային բանկը նպատակահարմար չէր համարում փոփոխությունների արագացված ընդունումը՝ նշելով, որ նման կարեւոր փոփոխությունները պետք է նախապես համաձայնեցված լինեին եւ զգուշացնում էր ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի հետ կապված խնդիրների մասին:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: