«Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը եւ Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր, ըստ որի Ամուլսարի հանքը կշահագործվի:«Կողմերը նպատակ ունեն ներգրավել $150 մլն ներդրում, պայմանագրից դուրս ներդրվելու է մոտ $100 մլն Ամուլսարի հանքավայրի վերագործարկման համար:Գումարը ծախսվելու է շինաշխատանքներն ավարտին հասցնելու եւ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար»,- հուշագրի ստորագրումից հետո ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:«Ազդակիր համայնքները, համաձայն պայմանավորվածության, ամեն տարի ընկերության կողմից ստանալու են $7 մլն աջակցություն, իսկ Եվրասիական զարգացման բանկը ներդնելու է $100 մլն որպես վարկային միջոց։ Եվս $50 մլն ապահովելու է տեղական բանկը։«Լիդիան Արմենիա»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն կավելացնի մոտ 1%-ով, եւ դա շատ բարձր ցուցանիշ է։ Մենք իրավունք չունենք հրաժարվել նման հնարավորություններից: Տարեկան 30-40 միլիարդ դրամի մուտքեր կլինեն բյուջե: Ամուլսարից ստացվող հարկերը տարեկան 20%-ով կավելացնեն հանքարդյունաբերության ոլորտից ստացվող եկամուտները»,- ասել է Վահան Քերոբյանը:Նրա խոսքով՝ այս ընկերությունն ազդակիր համայնքներում հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու եւ էական տնտեսական աճ է ապահովելու ոչ միայն մարզի, այլեւ՝ ողջ Հայաստանի համար։Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ստանալու է «նոր ընկերության 12.5% մասնաբաժինը, որի դիմաց չի վճարվելու որեւէ բան: Փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը»։ «Այս պահին որոշում չկա, թե պետական որ գերատեսչությունն է տնօրինելու կառավարության 12,5% բաժնեմասը։ ԶՊՄԿ բաժնետոմսերն այժմ Պետգույքի կառավարման կոմիտեում են, հընթացս կորոշվի նաեւ այս բաժնետոմսերի մասով։ Կարծում եմ, որ հանքարդյունաբերական բոլոր պետական բաժնետոմսերը պետք է կուտակվեն նույն տեղում։ Մենք ապրում ենք բավական դժվարին ժամանակահատվածում ամբողջ աշխարհի համար, մարտահրավերն ամենուր են։ Այս նախագծի ստորագրման կարեւոր շարժառիթներից մեկը Հայաստանի անվտանգությունն ուժեղացնելն է։ Կարողացել ենք մեր գործընկերների մոտ էլ ձեւավորել վստահություն, որ կառավարությունն ու ՀՀ-ն ամեն ինչ կանեն, որ իրենց ներդրումները լինեն ապահով եւ որոշակի ապահովագրման մեխանիզմներ ներդրել ենք մեր համագործակցության մեջ։Այս ծրագիրը նաեւ տարածաշրջանի անվտանգությունն ամրապնդելու համար է, որ տնտեսական ակտիվությունը կարողանա այդ համայնքներում անհրաժեշտ աշխուժություն գոյացնի»,- եզրափակել է Վահան Քերոբյանը: Tweet Դիտում՝ 3456