Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել առեւտրային բանկերի ղեկավարներին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, երկրի ղեկավարն ասել է, որ խորհրդակցության նպատակը համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում անելիքների ճշգրտումն է: Անդրադառնալով համակարգի գործունեությանն, ՀՀ նախագահն ասել է. “Ի պատիվ մեր բանկերի, մենք կարողացանք առանց լուրջ վնասների դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին: Կարծում եմ, դա առաջին հերթին պայմանավորված էր ձեր խոհեմ քաղաքականությամբ` թե միջոցների ներգրավման, թե դրանց տեղաբաշխման հարցերում: Բազմիցս լսել եմ մարդկանց կարծիքը, թե իրենք վստահում են հայկական բանկերին: Սա, անշուշտ, առավելություն է, եւ մենք պետք է կարողանանք այն առավել արդյունավետ օգտագործել: Ներկայումս, երբ ֆինանսական ճգնաժամին հաջորդեց նաեւ տնտեսականը, մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք արդյունավետ միջոցներ ձեռնարկել, սնուցել տնտեսության այն ճյուղերին, որոնք կարող են շահույթ ապահովել, զարգանալ եւ նոր աշխատատեղեր ստեղծել”, - ասել Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն ասել է, որ “մեր բանկային համակարգը պետք է դառնա փոքր եւ միջին բիզնեսի կենարար աղբյուր: Սա պետք է լինի ձեր հիմնական նպատակը, եւ այս գործում, բնականաբար, դուք կստանաք պետության աջակցությունը”: “Նորից եմ կրկնում` մենք սատարելու ենք ձեր ջանքերին, մշտապես միջոցներ ենք փնտրելու, գտնելու, տրամադրելու, իսկ դուք այդ միջոցները պետք է օգտագործեք հանուն մեր տնտեսության զարգացման, արտահանման ավելացման”, - շեշտել է նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանում կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: “Մենք չենք կարող մեկուսացված մնալ, չենք կարող հայտարարել, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդելու Հայաստանի տնտեսության վրա, բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել ճգնաժամի հետեւանքները”,-նշել է նախագահը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ համակարգին առնչվող այլ հարցեր, մասնավորապես երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման, շարժական եւ անշարժ գույքի գրավադրման հետ կապված խնդիրներ: Սերժ Սարգսյանը բանկիրների հետ քննարկել է առաջադրված բոլոր խնդիրների հնարավոր լուծումները եւ նշել է, որ բարձրացված շատ հարցերի շուրջ վերջնական լուծումներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Tweet Դիտում՝ 7191