Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը եւ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՌՀ մամուլի ծառայություն փոխանցմամբ՝ հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվում են, որ ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող կրթական ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացում Հայ-Ռուսական համալսարանն, ըստ նպատակահարմարության, իր մասնագետների հետ համատեղ ներգրավում է ՀԲՄ-ի եւ միության անդամ բանկերի փորձառու ներկայացուցիչներին։ Իսկ համալսարանի կողմից ուղեգրման դեպքում, կրթական ծրագրով ուսանողների ուսումնաարտադրական եւ գիտահետազոտական պրակտիկաները, հնարավորության դեպքում, կազմակերպվում եւ անցկացվում են ՀԲՄ-ում։Արմեն Դարբինյանը նշել է, որ ՀԲՄ-ի կողմից ներկայացված բոլոր առաջարկները, անշուշտ, հետաքրքիր են համալսարանի համար։Հուշագրի համաձայն՝ Հայ-Ռուսական համալսարանը Հայաստանի բանկերի միության աշխատակիցներին եւ անդամներին հրավիրում է իր կողմից տարբեր հարթակներում եւ ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին եւ քննարկումներին։ ՀԲՄ-ն, ըստ նպատակահարմարության, համալսարանի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին կարող է հրավիրել իր կողմից տարբեր հարթակներում եւ ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին եւ քննարկումներին։Իր հերթին, ՀՌՀ-ի Տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանն ընդգծել է, որ ամբողջ թիմը պատրաստ է համագործակցությանը՝ հավաստիացնելով, որ Հայ-Ռուսական համալսարանն ամենօրյա կապի մեջ է բանկերի հետ, նաեւ մշտական աշխատանք է տարվում բանկային համակարգի հետ։ «Մենք ցանկանում ենք ուժեղացնել գիտահետազոտական աշխատանքները։ Եվ հատկապես կարեւոր է իրականացնել այդ հետազոտությունները ոչ թե մեր սեփական ուժերով, այլ ապահովել անաչառ, օբյեկտիվ մոտեցում, ինչը հնարավոր է հենց համալսարանի հետ համագործակցության շնորհիվ։ Կուզեի, որ մեզ նաեւ ճիշտ ուղենիշեր ցույց տային գիտական հրապարակումների հետ կապված։ Մենք մտադիր ենք բուհերի հետ համատեղ կազմակերպել նաեւ բանկային համակարգի աշխատակիցների որակավորման բարձրացման հատուկ դասընթացներ»,- ասել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։Ըստ անհրաժեշտության՝ կողմերը կարող են կազմակերպել եւ իրականացնել համատեղ բաց դասեր, սեմինարներ, մասնագիտական քննարկումներ, հետազոտական նախագծեր, ինչպես նաեւ հրատարակել ուսումնամեթոդական նյութեր։ ՀԲՄ-ն կարող է ֆինանսաբանկային ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող եւ արդիական թեմաների վերաբերյալ հետազոտությունների եւ վերլուծությունների առաջարկ ներկայացնել համալսարանին, իսկ համալսարանը ՀԲՄ-ին կարող է տրամադրել գիտական ու վերլուծական այն արդյունքները, որոնք կարող են օգտակար լինել ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին։ Tweet Դիտում՝ 2489