Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարգավորիչը գտնում է, որ Ռուսաստանում ալկոհոլի հեռավար վաճառքի համար նախապատրաստվող փորձարկման ընթացիկ պայմանները կարող են հակասել միության պայմանագրին եւ խտրականություն դրսեւորել անդամ երկրների շահերի նկատմամբ։RBC-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգումներ են ներկայացված նամակում, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտն անցած տարվա դեկտեմբերի վերջին ուղարկել էր Ռուսաստանի նախագահի Պետաիրավական վարչություն։ԵԱՏՄ կարգավորիչ մարմինը նշում է, որ «ալկոհոլային արտադրանքի առանձին տեսակի» վաճառքի նոր՝ հեռավար մեթոդի ներդրումը, ընդհանուր առմամբ, միջոց է, որը մեղմացնում է նման ալկոհոլային արտադրանքի շրջանառության կանոնները եւ քայլ է դեպի շուկայի ազատականացում, սակայն պայմանով, որ այն կկիրառվի տվյալ տեսակի բոլոր ալկոհոլային ապրանքների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ այլ երկրների անձանց կողմից արտադրվածների նկատմամբ։«Բացառապես ռուսաստանյան գինիների, թնդեցված գինիների, փրփրուն գինիների հեռավար եղանակով մանրածախ վաճառքի նկատմամբ մշտական հիմունքներով կարգավորման ներդրումը պայմանագրի դրույթներին անհամապատասխանության նշաններ կունենա»,- նշվում է փաստաթղթում։ԵՏՀ դեպարտամենտն իր փաստարկներում վկայակոչում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթները։Wine Retail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցեւը կարծում է, որ միայն Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ երկրներ ալկոհոլի առցանց վաճառքի փորձարկման մասնակիցների ցուցակի ընդլայնման շահառուն։ «Չնայած գինու զգալի արտադրությանը, երկիրը դժվարություններ ունի ռուսաստանյան շուկայում արտադրանքի առաջմղման հարցում։ Այն բավականին բարձր արժեք ունի՝ պայմանավորված բարձր լեռնային խաղողագործության եւ պայմանագրային արտադրության զգալի ծավալի ներգրավման առանձնահատկություններով, ինչը նշանակում է, որ այդ արտադրությանն անհրաժեշտ է վաճառքների յուրահատուկ կապուղի»,- նշել է փորձագետը։Գործող հայեցակարգի համաձայն՝ Ռուսաստանում ալկոհոլի հեռավար վաճառքի փորձարկումը կմեկնարկի նոյեմբերին եւ կտեւի մինչեւ 2026 թվականի հուլիսի 31-ը։ Ֆինանսների նախարարության մշակած օրինագծի համաձայն՝ առցանց վաճառքը թույլատրվելու է Մոսկվայում` ռուսաստանյան գինիներ արտադրողներին։ Tweet Դիտում՝ 4510