«Լույսն»-ն անդրադարձել է միջազգային հակակոռուպցիոն զեկույցում Հայաստանի նահանջին

10.02.2023 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս #Հայաստան #կոռուպցիա
«Լույս» հիմնադրամն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս - 2022» զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման շուրջ ձեւավորված գնահատականներին։

•    2022թ. Հայաստանի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 46 միավոր է եւ նախորդ տարվա համեմատ նվազել է 3 միավորով։

Հայաստանն ունի 46 միավոր, եւ դա այն դեպքում, երբ կոռուպցիայի ինդեքսի 50-ից ցածր լինելը սովորաբար վկայում է տվյալ պետության լուրջ խնդիրների (մասնավորապես՝ համակարգային կոռուպցիայի մասին)։ Ինչ վերաբերում է 3 միավորով նվազմանը, ապա այս նվազումն արտացոլում է զսպումների եւ հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման եւ քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։ Կասկածելի պետական գնումները, վիճահարույց նշանակումները եւ այլ գործողությունները հանրության շրջանում թերահավատություն են առաջացնում, ինչը հանգեցնում է Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (ԿԸԻ-ի) նվազման։

•    ԿԸԻ-ի արժեքով Հայաստանի դիրքը 2022թ.՝ 180 երկիր ներառող վարկանիշային աղյուսակում վատթարացել է 5 հորիզոնականով, եւ ներկայում մեր երկիրը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը (2021-ի` 58-րդ հորիզոնականի փոխարեն):

Թեեւ նախորդ 3 տարիներին, այդ թվում` 2022թ. Հայաստանի ԿԸԻ-ն ավելի բարձր է համաշխարհային միջին արժեքից (որը, ինչպես եւ անցյալ տարի, հավասար է 43-ի), սակայն միաժամանակ այն ցածր է ԿԸԻ-ի այն շեմային արժեքից (50), որից ցածր ԿԸԻ ունեցող երկրներում կոռուպցիան առավել հաճախ է հանդիսանում լուրջ հիմնահարց։

•    Հայաստանի ԿԸԻ-ն ձեւավորող 6 ենթաինդեքսներից 2-ի մասով արձանագրվել է հետընթաց, իսկ 4-ը՝ չեն փոխվել։

Մտահոգիչ է Հայաստանի ԿԸԻ-ի ենթաինդեքսներից՝ WEF EOS-ի (Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 13 միավորով նվազումը։ Այս ենթաինդեքսը, ի թիվս այլ խնդիրների, վերաբերում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների եւ նմանատիպ այլ համակարգերի վիճակին: Ըստ էության, ենթաինդեքսի 3 տարվա (2019-2021թթ.) աճը «չեզոքացվել» է մեկ տարում, եւ, այդ պատճառով, ենթաինդեքսի 2022թ. արժեքը կրկին գրեթե համադրելի է 2018-ի արժեքի հետ։

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաեւ այն, որ 2022-ին 2021-ի համեմատ 4 միավորով նվազել է ԿԸԻ-ի ենթաինդեքսներից VDEM-ը (Ժողովրդավարության բազմազանության ծրագիր), այն 2021-ին եւս նվազել էր 4 միավորով։ Հետընթացը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը վերաբերում է ժողովրդավարական արժեքների եւ քաղաքացիական հասարակության ակտիվության ասպարեզում երկրի առաջընթացին եւ արտացոլում է իշխանության տարբեր ճյուղերում (գործադիր, օրենսդիր եւ դատական) քաղաքական կոռուպցիայի առկայությունը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 3492
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW