Ինչպիսի անկում կլիներ Վրաստանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալու դեպքում

09.02.2023 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրակլի Կոբախիձե #ՌԴ #պատժամիջոցներ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում Վրաստանում տնտեսական անկումը 2022 թվականին կարող էր հասնել 10%-ի։

Նախօրեին նման կարծիք է հայտնել «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի հանրային հեռարձակման առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Եթե մենք պատժամիջոցներ սահմանեինք Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչը մեզանից պահանջում էր արմատական ընդդիմությունը, ապա անցած տարվա 10% տնտեսական աճի փոխարեն, մենք կունենայինք ավելի քան 10% անկում»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

Կուսակցության նախագահը հիշեցրել է, որ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի  պատճառով սահմանված կոշտ արգելափակումների հետեւանքով երկրում տնտեսական անկումը գերազանցեց 6%-ը։ Դա պայմանավորված էր հյուրանոցների, ռեստորանների եւ արդյունաբերական ձեռնարկությունների փակմամբ։

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») տվյալներով՝ 2022 թվականին երկրի ՀՆԱ-ն աճել է 10,1%-ով։ Անցած տարի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է $2,4 միլիարդը՝ 52%-ով ավելի, քան 2021 թվականին։ Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում։

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

«Ես միշտ եւ ամենուր գործելու եմ մեր երկրի, մեր ժողովրդի, ձեր շահերի համաձայն, եւ ոչ ոք չի կարող փոխել այս որոշումը»,- ավելի ուշ վստահեցրել էր Ղարիբաշվիլին։

Ս․թ․ հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չնայած Արեւմուտքի ճնշումներին՝ տնտեսական եւ սեփական շահերով առաջնորդվելու Վրաստանի կառավարության կարողությունն արժանի է հարգանքի։ Լավրովը նաեւ հույս էր հայտնել, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ շուտով կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը։

Երկու օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ էր արտահայտվել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը։

«Ես չեմ ողջունում Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը: Այն ժամանակ, երբ բոլոր գործընկեր երկրները խոսքով թե գործով առավելագույն համերաշխությունն են հայտնում Ուկրաինայի անձնուրաց պայքարին, ինձ եւ, վստահ եմ, հասարակության մեծ մասի համար կառավարության եւ իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի է»,- ասել էր նա։



Միաժամանակ, անցած շաբաթ Եվրամիությունը (ԵՄ) կոչ արեց Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ չվերթերի հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի եւ այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին եւ զգոն մնալ պատժամիջոցները շրջանցելու յուրաքանչյուր հնարավոր փորձերից»,- հայտարարել էր ԵՄ արտաքին կապերի ծառայության խոսնակ Պետեր Ստանոն (Peter Stano)։
Դիտում՝ 4484
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW