Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի է ունեցել սահադաշտի եւ Վերնիսաժի պաշտոնական բացումը։ Ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, սառցե շոու եւ այլն․ պաշտոնական բացումն ուղեկցվեց մշակութային ծրագրով, որին մասնակցեցին Գյումրի համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։Այսուհետ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար Գյումրիի Բարեկամության այգում կգործի հանրային սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարեւոր տարր՝ նորարարական լուծումներով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով։ 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, յուրօրինակ դիզայն ունեցող հանդերձարաններով եւ գլխապտույտ ոլորաններով։ Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների եւ արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։ Մշակութային քաղաք Գյումրիում ակնհայտ էր Վերնիսաժ ունենալու անհրաժեշտությունը, ուստի սա լինելու է առաջինն իր տեսակով։Վերնիսաժի ֆունկցիոնալ տաղավարները, որոնք կարող են փոխել իրենց կառուցվածքն ու կիրառությունը` ըստ անհրաժեշտության դառնալով սննդի կետեր կամ շրջիկ պատկերասրահներ, իրենց ձգվող հովանիների զարդանախշերով ներկայացնում են ազգային գորգագործության լավագույն ավանդույթները: Զարդանախշերը մշակել են մի խումբ գյումրեցի արվեստագետներ, հիմքում դնելով գորգարվեստի ամենահին ու եզակի, ամենաբարդ ու շքեղ նմուշները` Վիշապագորգերը: Վերնիսաժի տաղավարների եւ սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից եւ իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության եւ սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի եւ հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների եւ մի շարք անհատ բարերարների կողմից։ Այգին ավելի քան 50%-ով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024 թվականի ամռանը։ «Այս նախագիծն արդեն իսկ հաջողված է՝ շնորհիվ ТUF հիմնադրամի բազմաթիվ գործընկերների, ՀՀ կառավարության, միջազգային կառույցների եւ անհատ բարերարների, որոնք իրականություն են դարձնում Բարեկամության այգու վերակառուցումը։ Այս այգու նախագիծն իր շուրջն է համախմբել շատերին, եւ այս ծրագիրն իսկապես բարեկամության արդյունք է: Վստահ ենք, որ վերակառուցված այգին կնպաստի քաղաքում ենթակառուցվածքների զարգացմանը, կխթանի տարածաշրջանում զբոսաշրջային գրավչությունն ու սոցիալ-տնտեսական ակտիվությունը: Համոզված եմ, որ ապագայում հնարավորություն կունենանք նման գեղեցիկ ծրագրեր իրականացնել նաեւ Արցախում»,- նշել է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի հիմնադիր, Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։Միջոցառմանը ներկա էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Tweet Դիտում՝ 24952