«Կանաչ հանգստյան օրեր». ներկայացվել են օրգանական սննդի առավելությունները

30.01.2023 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կանաչ հանգստյան օրեր» #օրգանական սնունդ
«Կանաչ հանգստյան օրեր» նախագծի շրջանակում հունվարի 28-ին եւ 29-ին Դալմա Գարդեն Մոլում իրենց կանաչ արտադրանքն են ներկայացրել ֆերմերներ ՀՀ տարբեր տարածաշրջաններից։

Այցելուները հնարավորություն են ստացել նկարվել կանաչ անկյուններում, մասնակցել նաեւ մրցույթի, որի հաղթողները կկարողանան իրենց հանգիստն անցկացնել Հայաստանի ամենականաչ անկյուններից մեկում՝ Դիլիջանում։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը նշել է, որ նման միջոցառումներով ցանկանում են բարձրացնել հանրության իրազեկության աստիճանը կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ, օգնել նրանց ստանալ առողջարար պրոդուկտներ՝ ավելի քիչ թունաքիմիկատներ ու վնասակար նյութեր օգտագործելով։

Միջոցառումը կազմակերպվել էր EU-GAIA ծրագիրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Այն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ 

Ծրագիրը գործում է 2019 թվականից, այս ընթացքում հանրությանը հասանելի է դարձել օրգանիկ գյուղատնտեսության գաղափարը, դրա օգտակարությունը։  

«Alpia» ՍՊԸ-ն Կանաչ հանգստյան օրերին ներկայացրել է իր արտադրանք օրգանական մեղրերը՝ տարբեր համերով։

Կազմակերպության աշխատակից Նաիրի Գալստյանը տեղեկացրել է, որ անցել են օրգանական սերտիֆիկացում, իրենց մեղրերը օրգանական են՝ մաքուր, առանց պեստիցիդների։

Տեղական շուկայում, ըստ Նաիրի Գալստյանի, արդեն սկսել են գիտակցել օրգանական սննդի առավելությունները, ինչը տարեցտարի հանգեցնում է սպառման ծավալների ավելացմանը։ Այս պահին նաեւ բանակցում են իրենց տեսականին արտասահմանյան շուկա արտահանելու ուղղությամբ։

«Կանաչ գյուղատնտեսությունը բացառում կամ նվազագույնի է հասցնում սինթետիկ-հանքային պարարտանյութերի ու թունաքիմիկատների օգտագործումը։ Արդյունքում կարելի է վայելել առողջ, անվտանգ ու օգտակար մթերք՝ դրա բնական հատկությունների առավելագույն պահպանմամբ։ Կանաչ գյուղատնտեսությունը փորձում է նվազագույնի հասցնել բնության վրա բացասական ազդեցությունը։ Արդյունքում կրճատվում են ածխածնի արտանետումները»,- ասված է Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրի հաղորդագրությունում:

Առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին տեղեկատվական նման միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ մայրաքաղաքի այլ առեւտրի կենտրոններում։
Դիտում՝ 4936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW