«Լույս»-ն ուսումնասիրել է ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումների հետեւանքները

27.01.2023 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս #արտաքին կապիտալ
 «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը, որը ներկայացնում ենք ստորեւ.

•    ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր տնտեսական աճեր են արձանագրվել հիմնականում կապիտալի (առավելապես արտաքին դրամական փոխանցումների) զուտ ներհոսքի համեմատաբար մեծ ծավալների արձանագրման դեպքում։

Այդ պայմաններում տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է համեստ եւ տնտեսական աճին քիչ նպաստող: Արդյունքում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները եւ մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետեւաբար նաեւ տնտեսական աճի տատանումներ՝ դառնալով տնտեսական անկման կամ աճի կտրուկ դանդաղման պատճառ:

•    Միջերկրային համեմատությունները ցույց են տալիս, որ «արտահանելի» ճյուղերի՝ գյուղատնտեսության եւ արդյունաբերության մասնաբաժնի կրճատումը եւ «ոչ արտահանելի» ճյուղերի՝ մասնավորապես ծառայությունների մասնաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ճգնաժամերի նկատմամբ այդ երկրների դիմադրողականության անկման:

•    2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կտրուկ ակտիվացել է դեպի ՀՀ կապիտալի եւ մարդկային ռեսուրսի ներհոսքը, ինչը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա, մյուս կողմից հանգեցրել է ՀՀ դրամի զգալի արժեւորման:

Այս գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացում, այսինքն՝ աճում են «ոչ արտահանելի» ճյուղերը (ծառայությունները, առեւտուրը, ֆինանսական հատվածը), իսկ «արտահանելի» հատվածը բախվում է լուրջ խնդիրների (արտահանման եկամուտների նվազում, ներքին արտադրողների՝ ներմուծողների համեմատ մրցունակության նվազում):

•    ՀՀ-ում իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության մասով առավել ակտիվ է ԿԲ քաղաքականությունը, որն առավելապես թիրախավորում է գնաճի զսպումը, իսկ դրամի կապիտալի ներհոսքի բացասական ազդեցությունների չեզոքացման ուղղությամբ նշանակալի քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ վերջինս «օգնում է» գնաճի զսպման նպատակին հասնելուն:

Այնուամենայնիվ, դրամավարկային քաղաքականության գործիքի կիրառման դեպքում անհրաժեշտ է չափազանց «զգույշ» լինել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն անխուսափելիորեն զսպող ազդեցություն է ունենում ամբողջական պահանջարկի այնպիսի բաղադրիչների վրա, ինչպիսիք են սպառումը եւ ներդրումները, որոնց կրճատումը ցանկալի չէ՝ հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական անկումից տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը։

•    Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ հարկաբյուջետային քաղաքականության դերը պետք է ավելի ակտիվ լինի:

Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային քաղաքականության գործիքներով բարձրացնել «գերտաքացող» ոլորտների հարկային բեռը (օրինակ՝ շրջանառության հարկի շեմի վերանայում, պրոգրեսիվ եկամտային հարկի ներդրում, ֆինանսական ոլորտում հարկային բեռի ավելացում եւ այլն), որի արդյունքում գոյացած լրացուցիչ պետական ռեսուրսները ուղղել իրավիճակից տուժող ոլորտներին թիրախային աջակցության տրամադրմանը:

•    Անհրաժեշտ է նաեւ հավաքագրել լրացուցիչ ռեսուրսները տնտեսությունից եւ ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը եւ մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը:

Այդպիսի միջոցառումներ կարող են լինել խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրականացումը, արտաքին պետական պարտքի մարումը: Խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրագործումը կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, հետեւաբար՝ նաեւ արտադրողականության աճին, իսկ արտաքին պարտքի մարումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը եւ հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունների մեծացմանը: Այս գործոնները կկարեւորվեն կապիտալի զուտ ներհոսքի նվազման պայմաններում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։
Դիտում՝ 2753
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW