Բրազիլիան եւ Արգենտինան մտադիր են ստեղծել «սեփական եվրո»

24.01.2023 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բրազիլիա #Արգենտինա #sur
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան եւ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը համատեղ հոդվածում հայտարարել են, որ որոշել են «ակտիվացնել Հարավային Ամերիկայի միասնական արժույթի շուրջ քննարկումները»։

Նրանց կարծիքով՝ այն «կարող է օգտագործվել ինչպես ֆինանսական, այնպես էլ առեւտրային հոսքերը սպասարկելու, գործարքների ծախսերը եւ [երկու երկրների] արտաքին տնտեսական խոցելիությունը նվազեցնելու համար»։

Ինչպես գրում է RBC-ն, դեռեւս 2019 թվականին Բրազիլիայի այն ժամանակվա նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ Բրազիլիան եւ Արգենտինան պատրաստվում են «առաջին քայլը» կատարել դեպի «իրենց երազանքը՝ «Mercosur դաշինքում [Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Պարագվայ] միասնական արժույթ ստեղծելու ուղղությամբ»։ Այն ժամանակ Բրազիլիայում գաղափարը թերահավատությամբ ընդունվեց, եւ Պատգամավորների ազգային պալատի խոսնակը ենթադրեց, որ ծրագիրը կարող է հանգեցնել բրազիլական ռեալի թուլացման եւ գնաճի վերադարձի, իսկ երկրի կենտրոնական բանկը պաշտոնապես հերքեց արժութային միության վերաբերյալ որեւէ քննարկում:

2021 թվականին Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը հայտարարեց, որ Mercosur-ում արժութային հնարավոր միություն ստեղծելու հարցում Բրազիլիան կարող է ստանձնել այն դերը, որը Գերմանիան կատարում է Եվրոգոտում:

«Սպասվում է որոշում, որով մեկնարկ կտրվի միասնական արժույթի համար անհրաժեշտ պարամետրերի ուսումնասիրությանը. դրանք ներառում են եւ բյուջետային հարցերը, եւ տնտեսությունների չափը, եւ կենտրոնական բանկերի դերը»,- Financial Times-ին (FT) ասել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան:

Պարբերականի տվյալներով՝ Բրազիլիան առաջարկել է այս արժույթն անվանել sur, որը թարգմանաբար նշանակում է «հարավ»։ Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ դա կօգնի Հարավային Ամերիկայի երկրներին նվազեցնել կախվածությունը դոլարից, նշել է FT-ն: Սկզբում այն կլինի երկկողմանի նախագիծ, որին այնուհետեւ կհրավիրվեն միանալ Լատինական Ամերիկայի այլ տնտեսությունների։

Բրազիլիայի ֆինանսների նախարար Ֆերնանդո Ադադը օրերս ընդգծել է, որ երկու երկրները նոր գործիքի օգնությամբ ցանկանում են ամրապնդել փոխադարձ առեւտուրը եւ չեն պատրաստվում հրաժարվել սեփական արժույթներից։ Bloomberg-ի տվյալներով՝ բանակցությունները շատ վաղ փուլում են, նպատակին հասնելու համար ժամկետներ չեն սահմանվել:
Դիտում՝ 8795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW