“Մենք $100 մլն պահուստային միջոցներ ունենք”

27.11.2008 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին##

- 2008 թվականը մոտենում է ավարտին. ներկայացրեք, խնդրեմ, ինչպիսի՞ք են բանկի շահույթը եւ վարկավորման արդյունքները այս պահի դրությամբ:

- Մինչեւ տարեվերջ դեռ մեկ ամիս կա, սակայն արդեն կարելի է ասել, որ 2008 թվականին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ռեկորդային շահույթ կարձանագրի: Նախորդ տարվա համեմատ շահույթի աճը կկազմի 20%, կամ ավելի շատ:

Ինչ վերաբերում է վարկավորմանը, ապա հոկտեմբերի վերջի դրությամբ դրա ծավալները 2007 թվականի համեմատ աճել են 40%-ով: Մենք ակնկալում ենք, որ տարվա արդյունքներով վարկավորման աճը կկազմի 50%: Սեպտեմբերին եւ հոկտեմբերին մենք արձանագրել ենք վարկավորման ռեկորդային ցուցանիշներ, որոնք գերազանցել են կանխատեսումները:

- “Էյչ-Էս-Բի-Սի” Հոլդինգսը աշխարի ամենակապիտալացված եւ բարձր իրացվելիությամբ բանկերից մեկն է: Ինչպե՞ս է դա անդրադառնում “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գործունեության վրա, որոնք են խմբի անդամ հանդիսանալու առավելությունները վերջինիս համար:

- Դուք իրավացի եք. մենք ուժեղ ենք եւ չափազանց շահութաբեր: Մենք աշխարհի ամենաշահութաբեր բանկն ենք. նախորդ տարի մեր շահույթը մինչեւ հարկումը կազմեց $24.2 մլրդ: Այս տարվա առաջին կիսամյակում շահույթը կրճատվեց մինչեւ $10.2 մլրդ, սակայն մենք պահպանում ենք աշխարհում ամենաշահութաբեր բանկի դիրքերը:

Մենք ունենք ուժեղ ապրանքանիշ, որը մեզ օգնում է Հայաստանում: Մեր ուժի գաղտնիքն նաեւ այն է, որ մենք գործունեություն ենք ծավալում 85 երկրներում, եւ դա մեզ տալիս է կայունության ամուր պաշար: Այդ երկրների մեծամասնության ցուցանիշները բարձր են, իսկ որոշ երկրներում գործերը չափազանց լավ են ընթանում:

Աշխատանքը շատ երկրներում կայունացնող ազդեցություն ունի: Բացի այդ, այն մեզ թույլ է տալիս փորձ փոխանակել եւ անհրաժեշտության դեպքում առաջարկել կառավարչական աջակցություն: ՏՏ տեխնոլոգիաները մեզ գլոբալ հնարավորություններ են ընձեռում, եւ մենք կարող ենք աջակցել մեր մասնավոր եւ կորպորատիվ հաճախորդներին, երբ նրանք ճանապարհորդում են կամ արտասահմանում զբաղվում են բիզնեսով:

Եվ, վերջապես, HSBC Group-ի կողմից աջակցությունը կայանում է նաեւ ֆինանսական օժանդակության մեջ: Ներկայումս մենք $100 մլն պահուստային միջոցեր ունենք` մեր գլխամասային գրասենյակի կողմից վարկային գծերի տեսքով: Մենք ոչ հաճախ ենք օգտագործում այդ գծերը, սակայն գիտենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք դրանց վրա հույս դնել: Մեր փիլիսոփայությունը հետեւյալն է. ֆինանսավորել մեր բիզնեսը Հայաստանում ներգրավված ավանդների հաշվին: Սակայն անհրաժեշտության դեպքում մենք ունենք նաեւ այդ $100 մլն-ը, եւ դա բանկի ղեկավարությանն ու մեր հաճախորդներին լրացուցիչ վստահություն է ներշնչում:

- Այս տարվա սեպտեմբերին գործարկվեց “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” Ազգային սպասարկման կենտրոնը, որն, ինչպես ակնկալվում էր, ծառայություններ կմատուցի ԱՊՀ երկրներում HSBC խմբի մեջ մտնող բոլոր բանկերին: Ինչպիսի՞ք են կենտրոնի գործունեության առաջին գնահատականները:

- Ես շատ գոհ եմ կենտրոնի աշխատանքի առաջին արդյունքներից: Մեզ հաջողվեց back-office-ի գործառնություններն ու գործընթացները կենտրոնացնել մեկ վայրում` դրանք տարբեր մասնաճյուղերում չբաշխելով, ինչը թույլ տվեց էապաե մեծացնել աշխատանքի արդյունավետությունը:

6-7 շաբաթների ընթացքում կենտրոնում Հնդկաստանից ժամանած ՏՏ մասնագետը մեր նոր թիմին ծրագրավորման նոր լեզու էր դասվանդում: Նա շատ տպավորված էր մեր ծրագրավորողների ունակություններից: Ներկայումս մեր ծրագրավորողներից մեկը Դուբայում բանկոմատների համար ծրագրեր մշակելու դասընթաց է անցնում:

Հաջորդ տարի մենք մասնագետ կհրավիրենք Հոնկոնգից, ով թիմին կդասավանդի փաստաթղթերի պատճենահանման եւ ճանաչման տեխնոլոգիաները, ինչը ց back-office-ի պրոցեսինգի կարեւոր տարրերից է:

HSBC խմբի` այդ տեխնոլոգիաներում մասնագիտացող կենտրոնը տեղակայված է Հոնկոնգում, եւ մենք ծրագրում ենք նմանատիպ երկրորդ կենտրոնը բացել Հայաստանում: Մեր թիմը կտիրապետի համապատասխան տեխնոլոգիաների եւ արդյունքնում կսկսի դրանք ներդնել ոչ միայն ԱՊՀ-ի, այլեւ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում:

- Ակնկալվում էր, որ մինչեւ տարեվերջ բանկը մասնավոր հաճախորդների կմատուցի ինտերնետային բանկինգի ծառայություններ: Ո՞ր փուլում է գտնվում այդ նախագիծը:

- Այդ ծառայության ներդրման ժամկետները որոշակի փոփոխություններ են կրել: Մինչ տարեվերջ մենք կգործարկենք հեռախոսային բանկինգը, իսկ ինտերնետային բանկինգի ներդրումը ծրագրվում է 2009 թվականի հուլիսին:

- Հայաստանյան որոշ բանկեր վերանայել են իրենց տոկոսադրույքները: Ինչպիսի՞ն է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” ռազմավարությունը:

- Այլ բանկերի նման` մենք եւս բարձրացրել ենք տոկոասդրույքները: Վարկերի տոկոսադրույքներն իրավաբանական անձանց համար բարձրացել են 1-2 տոկոսային կետով, իսկ մասնավոր հաճախորդների համար` 2-3 տոկոսային կետով: Միեւնույն ժամանակ, մենք աստիճանաբար բարձրացրել ենք ավանդների տոկոսադրույքները` միջինը 2.6 տոկոսային կետով:

Այժմ մեզ մոտ գործում է “Ութի արշավ” հատուկ առաջարկը` 8%, 8 ամիս ժամկետով` 8 մլն դրամից սկսվող ավանդների համար:

Վարկային եւ դեպոզիտային տոկոսադրույքների աճը պայմանավորված է շուկայով, Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացմամբ, ինչպես նաեւ վարկերի նկատմամբ պահանջարկով, որը գերազանցում է ավանդների ներգրավման ծավալները: Հայաստանում բավականին ցածր է ՀՆԱ-ի նկատմամբ ավանդների հարաբերակցությունը: Բանկերի եւ կառավարության առանցքային խնդիրներից է խթանել քաղաքացիների միջոցների ներդրումը բանկային ավանդներում: Հուսով եմ` հաճախորդները կգնահատեն այն ուժն ու անվտանգությունը, որը նրանք ունեն HSBC-ում:

- Որո՞նք են այսօր Հայաստանի բանկերի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները:

- Պետք է խոստովանենք, որ աշխարհում առկա են շատ մեծ մարտահրավերներ, որոնք բանկերի համար ֆինանսական խնդիրներ են առաջացնում: Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգը լավ կապիտալացված է: Կենտրոնական բանկի ողջամիտ քաղաքականության շնորհիվ կապիտալի համարժեքության նվազագույն պահանջը կազմում է 12%:

Մտավախություններ կան տնտեսական աճի տեմպի դանդաղեցման հնարավորության կապակցությամբ, սակայն եթե 2009 թվականին Հայաստանում ՀՆԱ աճը կազմի 5%, դա կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր ցուցանիշը: Մենք պետք է զգուշավոր եւ իրատես լինենք ու նախատեսենք տնտեսական աճի տեմպի նվազումը: Չեմ կարծում, որ մենք կբախվենք ռեցեսիայի, որը 2009 թվականին սպասվում է աշխարհի շատ երկրների:

- Ինչպիսի՞ն էր 2008 թվականը ձեր բանկի եւ Հայաստանի ողջ բանկային համակարգի համար: Որո՞նք են 2009 թվականի հիմնական խնդիրները:

- 2008 թվականը Հայաստանի բանկերի համար հաջող տարի կհամարվի: Կարծում եմ, որ 2009 թվականին ավելի շատ մարտահրավերներ կլինեն: Հայաստանում շատ բանկեր են գործում, եւ մենք, հավանաբար, միաձուլումների ականատես կլինենք: Ընդհանուր առմամբ, դա լավ կլինի տնտեսության համար. եթե բանկերի քանակը պակասի, սակայն դրանք բոլորն ուժեղ լինեն:

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն”, անկասկած, կշարունակի աճել` պահպանելով իր կոնսերվատիվ քաղաքականությունը: Մեր դռները բաց կլինեն վարկավորկան համար` թեեւ որոշակիորեն խստացված պայմաններով ու մի փոքր ավելի զգուշավոր մոտեցմամբ: Մենք հաճախորդներին կառաջարկենք նոր ծառայություններ` հեռախոսային եւ ինտերնետային բանկինգ, ինչը մեր բիզնեսի զարգացմանն ուղղված ներդրումների շարունակության վկայությունը կլինի, ինչպես նաեւ առանձնահատուկ ուշադրություն կհատկացնենք սպասարկման որակի բարելավմանը:

Դիտում՝ 6853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW