«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսի 19-22-ին աշխարհի ֆինանսական կենտրոնում՝ Նյու Յորք քաղաքում: «Orion Summit 2022-ի հաջողությունը մեզ վստահություն տվեց ավելի հավակնոտ ծրագրեր կազմելու եւ իրագործելու ստարտափ էկոհամակարգերի եւ տնտեսության զարգացման համար: Այս տարի գագաթնաժողովի նպատակն է ստեղծել բանկային ներդրումների միջավայր եւ խթանել համաշխարհային գործընկերությունը՝ Հայաստանում միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A), կորպորատիվ վենչուրային ֆոնդերի եւ ընտանեկան գրասենյակների զարգացման միջոցով»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։ «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանն էլ ասել է, որ Orion Summit 2023-ի առաքելությունն է խթանել նորարարության արագ աճը եւ դիրքավորել Հայաստանն ու հայ ազգը՝ որպես համաշխարհային տնտեսության եւ հասարակության բարեկեցության ազդեցիկ ուժ:«Orion Summit 2023-ի առաքելությունն է նաեւ դիրքավորել Հայաստանն աշխարհում՝ Թվային Ջուղա ցանցի գործունեության միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցելու եւ այս ճանապարհն անցնելու պետական ու մասնավոր ընկերությունների հետ»,- նշել է Էմմա Առաքելյանը: Միջոցառումը կտեւի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը եւ այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների եւ ներդրումների մասին: Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկն ազդարարող տեսանյութը հրապարակվել է Օրիոնի պաշտոնական հարթակներում: Tweet Դիտում՝ 14026