Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Նշվել է, որ մշակվել են թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների հայեցակարգերը, մինչեւ 2023թ. առաջին կիսամյակի ավարտը կընդունվեն նաեւ ռազմավարությունները: ԷՆ պատասխանատուները զեկուցել են տնտեսական կարողությունների արդիականացման (պորտֆելն այս պահի դրությամբ`42 մլրդ ՀՀ դրամ) եւ արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելու ծրագրերի ընթացքի մասին, ներկայացրել փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) խթանման, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները: Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը հանձնարարել է տնտեսության արդիականացման ծրագրերում կենտրոնանալ բովանդակային առաջընթաց ապահովելու եւ պետական օժանդակության գործիքակազմի շարունակական կատարելագործման վրա: Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաեւ արտահանման խթանման, տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ կապուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ արտահանման ապահովագրության ուղղություններով կատարված աշխատանքները: Նշվում է, որ քննարկվել են նաեւ կոնյակագործության, խաղողի մթերման գործընթացները, սպանդանոցների գործունեության հարցերը: Tweet Դիտում՝ 3878