ԿԲ նախագահ. Պատժամիջոցների ռիսկերը կառավարվել են բարձր որակով եւ արդյունավետ

29.12.2022 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ Կենտրոնական բանկ #Մարտին Գալստյան
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին կայացած տարեվերջի ընդունելության ժամանակ հայտարարել է, որ դեռեւս 2020 թվականի վերջին Հայաստանի ԿԲ-ն առաջինն էր աշխարհում, որ պրոակտիվ կերպով սկսեց դրամավարկային քաղաքականության խստացման գործընթացը:

Արդյունքում, ըստ նրա, 2021 թվականի բարձր գնաճային միջավայրը Հայաստանում սկսել էր մեղմվել եւ 2022 թվականի սկզբին մոտենում էր նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 6.5%:

«Սակայն ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով Հայաստանում արձանագրվեց թե՛ գնաճի, եւ թե՛ գնաճային սպասումների էական արագացում, ինչը կանխորոշեց այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկի քաղաքականության որոշակի խստացումը: Կարծում ենք, հավասարակշիռ դրամավարկային քաղաքականության իրականացման շնորհիվ մեզ հաջողվեց չափազանց բարձր պահանջարկի եւ տնտեսական աճի պայմաններում ապահովել համեմատաբար ցածր գնաճային միջավայր, ինչպես նաեւ թույլ չտալ գնաճային սպասումների ապախարսխում: Մեր սցենարի համաձայն, եթե, իհարկե, չգրանցվեն նոր էական արտաքին ցնցումներ, 2023 թվականին մենք կվերադառնանք գնաճի թիրախային ցուցանիշին»,- նշել է ԿԲ ղեկավարը։

Ընդ որում, ինչպես ընդգծել է Մարտին Գալստյանը, Դրամավարկային քաղաքականության ոլորտում Կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել որոշումների կայացման համակարգի վերանայմանը՝ անցնելով ռիսկերի կառավարման մոտեցմանը: Նրա խոսքով՝ այս գաղափարը թեպետ նոր չէ Դրամավարկային տեսության եւ պրակտիկայի մեջ, սակայն Հայաստանի Կենտրոնական բանկն առաջինն է աշխարհում, որ այս մոտեցումը փորձում է կիրառել ինստիտուցիոնալ հենքի վրա: «Սա թույլ կտա մեզ լինել էլ ավելի ճկուն, ինչպես նաեւ զգալիորեն կբարելավի մեր հաղորդակցումը հասարակության հետ»,- ասել է նա։

«Ֆինանսական համակարգի համար եւս 2022 թվականը ինչպես մարտահրավերների, այնպես էլ հնարավորությունների տարի էր: Փետրվար ամսից սկսված միջազգային այցելուների եւ կապիտալի ներհոսքի պայմաններում կտրուկ աճեց ֆինանսական ծառայությունների նկատմամբ պահանջարկը: Մասնավորապես, ՀՀ առեւտրային բանկերում ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների քանակը 2022 թվականի նոյեմբերին փետրվար ամսվա համեմատ ավելացել է անգամներով՝ 10 000-ից հասնելով 100 000-ի, ինչի արդյունքում, բնականաբար, ֆինանսական համակարգում գրանցվել է նաեւ պատմականորեն բարձր շահույթի մակարդակ: Ընդ որում, մեր քաղաքականությունը ուղղված է լրացուցիչ շահույթի հաշվին կապիտալի անվտանգության բարձիկների ձեւավորմանը, ինչը մեզ թույլ կտա հաղթահարել ապագա ցնցումներն ավելի հարթ՝ ապահովելով ֆինանսական ծառայությունների անխափանությունը:

Պահանջարկի աճին զուգահեռ, սակայն, նաեւ կտրուկ դժվարացան ոչ ռեզիդենտների հետ, հատկապես միջազգային գործարքները: Մեր ֆինանսական համակարգը թեկուզ մեծ բարդություններով, բայց կարողացավ բարձր որակով եւ արդյունավետ կառավարել առաջացած պատժամիջոցների ռիսկերը, ինչի համար նաեւ արժանացավ միջազգային գործընկերների բարձր գնահատականի»,- ընդգծել է Մարտին Գալստյանը:

Նա նշել է, որ արդեն ներդրվում է ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը, որի անկյունաքարը ֆինանսական կազմակերպությունների կողմից սեփական ռիսկերը կառավարելու ունակության զարգացումն է եւ Կենտրոնական բանկի ու համակարգի երկխոսությունն է այդ գործընթացների արդյունավետության տեսանկյունից։ Մարտին Գալստյանը վստահություն է հայտնել, որ այս բարեփոխման արդյունքում «մենք կունենանք որակապես նոր եւ միջազգայնորեն ավելի մրցունակ ֆինանսական համակարգ, ինչը էապես կբարելավի մեր քաղաքացիներին մատուցվող ֆինանսական ծառայությունների որակը»։



ԿԲ նախագահն անդրադարձել է նաեւ 2022 թվականի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի եւ Կառավարության համատեղ ծրագրերին:

«Անկանխիկ գործառնությունների ակտիվացմանն ուղղված մեր իրականացրած միջոցառումները, թեպետ ինչպես ցանկացած հիմնարար բարեփոխում, դժվարությունների միջով են անցնում, սակայն արդեն մոտ են ավարտին եւ, վստահ եմ, շուտով արդեն կսկսեն տալ իրենց պտուղները հասարակության բարեկեցության ավելացման տեսանկյունից:

Կարեւոր է նաեւ թվայնացման օրակարգի արդյունավետ իրականացումը՝ ուղղված թվային հասարակության եւ թվային տնտեսության ձեւավորմանը: Դա թույլ կտա հասարակությանը մատուցված ծառայությունները, այդ թվում՝ ֆինանսական, դարձնել ավելի հարմար, ավելի հասանելի, միաժամանակ ավելացնելով ապագայի աշխարհում մեր ընկերությունների եւ ֆինանսական համակարգի ավելի արտադրողական եւ մրցունակ լինելու կարողությունները։

Եվ վերջում կցանկանայի մաղթել, որ հաջորդ՝ 2023 թվականը լինի խաղաղության եւ համերաշխության տարի, ինչը թույլ կտա մեր ջանքերն ուղղել զարգացման օրակարգի հարցերին»,- եզրափակել է Մարտին Գալստյանը:
Դիտում՝ 6811
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW