Եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այս մասին այսօր հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: «Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, եւ սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաեւ պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, այս տարվա ցուցանիշն աննախադեպ չէ. ինձ հետաքրքիր էր, թե որ թվականին էր, որ տարում էր, որ վարկավորման ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ, եւ ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ դա 2020 թվականն էր: Սա շատ կարեւոր 2 բանի մասին է խոսում. առաջինը, որ Կառավարության եւ Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում 2020թ. պատերազմի եւ քովիդյան ճգնաժամի տարում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր, ինչը հետագայում հիմք է հանդիսացել կամ հենց այդ ժամանակ ամենակարեւոր հանգամանքն է եղել, որ մեր տնտեսությունը չի փլուզվել պատերազմի եւ քովիդի հետեւանքով, այլ, ընդհակառակը, մեր հետագա դիմակայության շատ կարեւոր հենարան է դարձել: Եվ հավատում եմ, որ 2022թ. մեր աննախադեպ տնտեսական աճը նաեւ կապ ունի այս քաղաքականության հետ, որովհետեւ այդ վարկավորումը, ի վերջո, պտտվել, թափ է հավաքել եւ տվել կոնկրետ արդյունքներ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ տարին աննախադեպ է նաեւ բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Նա նաեւ գոհունակություն է հայտնել, որ Կառավարությունը եւ բանկային համակարգը համատեղ իրականացնում են սոցիալական բնույթի ծրագրեր, եւ այս առումով ընդգծել է կենսաթոշակառուներին անկանխիկ առեւտրի դեպքում հետվճարի համակարգը։«Վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, եւ սա նույնպես շատ կարեւոր ցուցանիշ է»,- ասել է Փաշինյանը:Անդրադառնալով գնաճին՝ նա նշել է, որ տարվա ավարտին արձանագրվել է, որ միջին աշխատավարձն աճել է գնաճից 3 անգամ ավելի: «Այսինքն՝ սա, պարզ է, որ ոչ բոլոր դեպքերում է հենց հասցեական դա նշանակում, բայց մակրոգնահատականի առումով, կարծում եմ, շատ պարզ եւ տեսանելի ցուցանիշ է, որ մենք՝ Կառավարություն, Կենտրոնական բանկ եւ, իհարկե, մասնավոր հատված, կարողացել ենք գնաճը կառավարել այնպես, որ այն, այնուամենայնիվ, էական ազդեցություն չպիտի որ ունենա նաեւ աղքատության ցուցանիշների վրա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Կառավարությունը Կենտրոնական բանկի քաղաքականությանը չի միջամտում, այսինքն՝ «Կենտրոնական բանկն իր որոշումները կայացնում է ճշգրիտ Հայաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված ձեւով եւ տրամաբանությամբ, ինչը չի նշանակում, թե հաղորդակցություն չկա Կենտրոնական բանկի եւ Կառավարության միջեւ, հակառակը կլիներ ուղղակի աղետալի եւ աղետաբեր, որովհետեւ բազմաթիվ ծրագրեր ենք միասին իրականացնում»: «Ավելին, հիմա եւս մեկ գործառույթ ենք, պայմանական ասած, արտապատվիրակել Կենտրոնական բանկին, եւ հույս ունեմ, որ թվայնացման օրակարգն այդ առումով իսկապես տեսանելի քայլերով առաջ կգնա: Խոսքն իրագործման մասին է, որովհետեւ քաղաքականության մշակումը Կառավարության տիրույթում է: Տվյալ դեպքում Կենտրոնական բանկը եւ բանկի կարողությունները մենք դիտարկում ենք որպես օպերատոր Կառավարության որոշած քաղաքականություններն իրականացնելու համար: Այս առումով կուզենայի, որ այս համագործակցությունը նաեւ հանրային առումով 2 ուղղությամբ զարգացնենք. առաջինը, բանկերն ավելի ակտիվ մասնակցեն զարգացման ծրագրերին, այդ թվում՝ սոցիալական բնույթի զարգացման ծրագրերին, որովհետեւ զուտ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը պետք է վերանայենք: Երկրորդ ուղղությունը, այնուամենայնիվ, հանրության եւ մարդկանց, քաղաքացիների ֆինանսական գրագիտության մեծացումն է»,- նշել է վարչապետն՝ ընդգծելով, որ դրանից կշահեն բոլորը՝ եւ՛ քաղաքացիները, եւ՛ տնտեսությունը, եւ՛ բանկային համակարգը, եւ՛ հենց իրենք շահառուները, վարկառուները: Tweet Դիտում՝ 6745