Հազար դրամ անվանական արժեքով 2022թ. թողարկման ՀՀ թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին դեկտեմբերի 27-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է 2023թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվանական արժեքով 2022թ. թողարկման ՀՀ թղթադրամները: Սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022թ. թողարկման ՀՀ թղթադրամները Հայաստանի տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 եւ 2018թթ. թողարկման ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ստորեւ ներկայացվում է հազար դրամ անվանական արժեքով 2022թ. թողարկման ՀՀ թղթադրամի նկարագրությունը:1000 դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման ՀՀ թղթադրամի չափերն են՝ 130 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Պարույր Սեւակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մանուշակագույնը: Դիմերես Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքեւ մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը եւ թվերը: Թղթադրամի ձախ հատվածում Պարույր Սեւակի դիմանկարն է եւ «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «1000» եւ սեւ գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) եւ ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքեւում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք եւ պարունակում է փետրագրչի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։ Պարույր Սեւակի դիմանկարի ֆոնին՝ իր ձեռագրերից հատվածներ եւ զանգերի պատկերներ։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով եւ թվերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» տպագրված է ներքեւի աջ մասում: Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձեւ պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաեւ «1000» ապամետաղականացված գրառումը։ Թղթադրամի վերեւի աջ հատվածում, սեւ գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։ Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2022», եւ ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:Տկարատեսների համար թղթադրամի ձախ եւ աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր: Դարձերես Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքեւ՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը եւ թվերը:Թղթադրամի վերեւի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։ Թղթադրամի մեջտեղի հատվածում՝ Պարույր Սեւակի տունը իր ծննդավայր Զանգակատուն գյուղի համապատկերին: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն։Թղթադրամի աջ մասում Պարույր Սեւակի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «1000» թիվը եւ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։ Թղթադրամի ներքեւի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «1000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»: Tweet Դիտում՝ 10297