ՊՀԾ-ն ու «Երեմյան Փրոջեքթս»-ը կհամագործակցեն «Կաթ դպրոցներում» ծրագրի շրջանակում

23.12.2022 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊՀԾ #«Երեմյան Փրոջեքթս» #«Կաթ դպրոցներում»
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը համագործակցության պայմանագիր են կնքել, որով կմեկնարկի «Կաթ դպրոցներում» համատեղ ծրագիրը։

ՄԱԿ-ի ՊՀԾ-ից հայտնել են, որ փորձնական ծրագիրն իրականացնելու է Վայոց ձորի մարզում 2023թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում: Ծրագրում ընդգրկված են Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 եւ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցները, որոնց 5-8-րդ դասարանների մոտ 350 աշակերտ տարվա ընթացքում առավոտյան ստանալու է մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։

«Պարենի համաշխարհային ծրագիրը գնահատում է այս կարեւոր գործընկերությունը «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ ուղղված Հայաստանում սննդի եւ վարքագծի փոփոխության հիմնախնդիրներին: Հանրային-մասնավոր համագործակցության եւ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շնորհիվ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանի երեխաներին ձեւավորել առողջ սննդային սովորություններ եւ բարելավել սովորելու կարողությունները»,- նշել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

«Մենք մեր գյուղատնտեսական գործունեության առաջին իսկ օրվանից հանրային իրազեկման արշավներ ենք իրականացրել՝ փորձելով ձեւավորել կաթի սպառման նոր մշակույթ։ Չնայած շատերը գիտեն կաթի օգտակար հատկանիշների մասին, բայց կաթը մեր սնվելու մշակույթի մաս, ավաղ, այսօր չի կազմում։ Ուրախ եմ, որ մեր գործընկեր՝ ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի հետ մենք կիսում ենք միեւնույն տեսլականը Հայաստանում երեխաների եւ մեծահասակների շրջանում կաթի՝ որպես առողջ ըմպելիքի օգտագործումը խթանելու առումով։ «Կաթ դպրոցներում» նախագիծը շատ ողջունելի է կաթ ըմպելու դրական սովորությունների ձեւավորման եւ վարքագծի փոփոխությունների տեսանկյունից։ Մենք պատրաստակամ ենք աջակցելու այս փորձնական ծրագրի կայացմանն ու հուսանք, որ այն հաջող եւ վարակիչ օրինակ կլինի, եւ կաթը ինչպես դպրոցական, այնպես էլ առօրյա սննդակարգի մաս կդառնա»,- ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Ծրագրի ավարտին ՊՀԾ-ն գնահատելու է երեխաների վարքագծային փոփոխությունները կաթի սպառման աճի եւ քաղցր ըմպելիքների սպառման նվազեցման ցուցանիշների հիման վրա։

Կաթը դպրոցներին անվճար կմատակարարի «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, որը 2019 թվականից մեկնարկել եւ հաջողությամբ իրագործում է գյուղատնտեսական նախագծեր՝ հիմնված փակ ցիկլով «Սերմից՝ սեղան» մոտեցման վրա։ «Սերմից՝ սեղան» մոտեցումը ՊՀԾ ազգային պարենային ապահովության ռազմավարության առաջնային բաղադրիչներից մեկն է։

«Կաթը դպրոցներում» ծրագիրն ուղեկցվելու է «Կաթը սեր է, ուժ եւ առողջություն» կարգախոսով հանրային արշավով, որի նպատակն է Հայաստանում երեխաների եւ մեծահասակների շրջանում խթանել կաթի օգտագործումը որպես առողջ նախաճաշի մաս,  երեխաների շրջանում նվազեցնել անառողջ ըմպելիքների օգտագործումը, ինչպիսիք են քաղցր թեյը, բարձր շաքարայնությամբ հյութերը, զովացուցիչ եւ էներգետիկ ըմպելիքները, կաթի նկատմամբ ստեղծել պահանջարկ եւ այն դիրքավորել ոչ միայն որպես առողջարար ըմպելիք, այլեւ որպես ընտրություն առողջ ապրելակերպի համար:

«Կաթ դպրոցներում» ծրագրի հիմնավորումն այն է, որ զարգացման կարեւոր ժամանակահատվածում երեխաների կողմից կաթի օգտագործումը նպաստում է նրանց աճին եւ սնուցմանը, ստեղծում կաթի օգտագործման հետ կապված դրական սովորություններ, նվազեցնում առավոտյան քաղցի զգացումը դպրոցական սննդից առաջ, ինչն էլ իր հերթին բարելավում է դասապրոցեսում կենտրոնացումն ու նվազեցնում անառողջ խորտիկներ ուտելու ցանկությունը։
Դիտում՝ 23930
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW