Շատ կարեւոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող եւ ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում, հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ եւ արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով:Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրելով նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին հետագա աշխատանքում: Իր հերթին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Ֆինանսների նախարարությունում առկա է բարձր պրոֆեսիոնալիզմով եւ մարդկային բարձր հատկանիշներով անձնակազմ, ովքեր թե լավ օրերին, թե վատ օրերին միշտ եղել են համախմբված: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար:Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանն էլ հավաստիացրել է, որ նախարարության ամբողջ անձնակազմը կանի առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու եւ հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին։ Նա ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նման աշխատանք կատարելով:Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական հատվածում աշխատանքը պիտի բավարար չափով գրավիչ եւ մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Նա նաեւ հույս է հայտնել, որ առաջիկա կառավարման շրջանը մաքսիմալ շեշտադրված կլինի ինստիտուտների կայացման վրա: Tweet Դիտում՝ 1377