Ճապոնական Toyota Motor ավտոարտադրողի նախագահ Ակիո Տոյոդան իրեն դասել է «լուռ մեծամասնության» շարքին, որը կասկածում է բացառապես էլեկտրամոբիլներ արտադրելու ռազմավարության ընտրության հարցում՝ վնասակար արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու նպատակով։«Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ներգրավված մարդիկ հիմնականում լուռ մեծամասնություն են կազմում: Այս լուռ մեծամասնությունը հարց է տալիս՝ արդյոք էլեկտրամոբիլը միակ տարբերակն է: Սակայն նրանք կարծում են, որ դա միտում է (էլեկտրամոբիլների արտադրությունը), եւ, հետեւաբար, չեն կարող բարձրաձայնել»,- Տոյոդայի խոսքերն է մեջբերում Finmarket-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal (WSJ) պարբերականը:Toyota-ում կարծում են, որ հիբրիդային եւ ջրածնային վառելիքի վրա աշխատող մեքենաները ավտոմոբիլային արդյունաբերության էներգետիկ անցումային ռազմավարության կարեւոր տարրեր են, քանի որ էլեկտրամոբիլների արտադրությունն ավելի թանկ է դառնում հումքի գների աճի պատճառով, իսկ նման մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը դեռ զարգացած չէ աշխարհի շատ երկրներում: «Քանի որ ճիշտ պատասխանը դեռեւս պարզ չէ, մենք չպետք է սահմանափակվենք միայն մեկ տարբերակով»,- ընդգծել է Տոյոդան։Միաժամանակ, ինչպես գրում է WSJ-ն, էլեկտրամոբիլների արտադրության վերաբերյալ Տոյոդայի զգուշավոր հռետորաբանությունը որոշակի անհանգստություն է առաջացրել Toyota-ի ներդրողների եւ հաճախորդների շրջանում. նրանք մտահոգված են, որ ավտոարտադրողը կարող է հետ մնալ էներգետիկ անցման համաշխարհային մրցավազքում:Ընկերության շատ մրցակիցներ, այդ թվում՝ General Motors-ը եւ Honda Motor-ը ժամկետներ են սահմանել արտադրական գծերի էլեկտրաֆիկացման համար: Այնուամենայնիվ, Toyota-ն դեռեւս հետեւում է դիվերսիֆիկացված արտադրության մեջ ներդրումներ կատարելու ռազմավարությանը, որը ներառում է հիբրիդային եւ ջրածնային մեքենաների արտադրություն:Տոյոդան նշել է, որ իր գլխավորած ընկերությունը լրջորեն է վերաբերվում բոլոր տեսակի ավտոմեքենաներին, այդ թվում՝ էլեկտրամոբիլներին։ 2021 թվականի վերջին ընկերությունը հայտարարել էր մինչեւ 2030 թվականը էլեկտրամոբիլների արտադրության մեջ $35 միլիարդի ներդրումների մասին։ Այդ ժամանակից ի վեր Toyota-ն զգալի ներդրումներ է կատարել ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում։Այնուամենայնիվ, ըստ WSJ-ի, ավտոարտադրողը մրցակիցներից ավելի դանդաղ է թողարկում էլեկտրական մեքենաների նոր մոդելներ այնպիսի առանցքային շուկայում, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Միաժամանակ, այս տարվա սկզբին Toyota-ն ստիպված էր հետ կանչել երկրում bZ4X էլեկտրական ամենագնացների խմբաքանակը՝ անվտանգության խնդիրներից ելնելով: Tweet Դիտում՝ 6630