Saxo Bank-ի «ցնցող կանխատեսումները» 2023 թվականի համար

06.12.2022 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Saxo Bank #«ցնցող կանխատեսումներ»
Դանիական Saxo Bank-ը հրապարակել է 2023 թվականի տասը «ցնցող կանխատեսումները»։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ դրանք վերաբերում են մի շարք անհավանական եւ թերագնահատված իրադարձությունների, որոնց պատճառով, սակայն, «համաշխարհային շուկաները կարող են հզոր հարվածային ալիքի ենթարկվել»:

Saxo Bank-ի ներդրումների գծով տնօրեն Սթին Յակոբսենը 2023 թվականի համար բանկի կանխատեսումն այսպես է նկարագրել.

«Մեր ներկայիս կանխատեսումը վիճարկում է նախահամավարակային գնաճից զերծ դինամիկային վերադառնալու ցանկացած առաջարկ: Դա հնարավոր չէ, քանի որ մենք մտել ենք պատերազմական տնտեսության փուլ, որտեղ աշխարհի բոլոր խոշոր տերությունները փորձում են ամրապնդել իրենց ազգային անվտանգությունը բոլոր ճակատներում՝ ռազմական, մատակարարման շղթաներ, էներգետիկ անվտանգություն, ֆինանսական անվտանգություն»:



Վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը «վերադարձրեց պատերազմական տնտեսության մտածելակերպն այնպիսի ծավալով, որը չէր եղել 1945 թվականից ի վեր»։

«Ցնցող կանխատեսումներից» երեքը վերաբերում են նրան, թե ինչպես Եվրոպան կարձագանքի այս զարգացումներին։

Առաջին կանխատեսումը Եվրոպայի միասնական զինված ուժերի ստեղծումն է։

«2023 թվականին ավելի ակնհայտ կդառնա, որ Եվրոպան պետք է կարգի բերի իր պաշտպանական հնարավորությունները եւ ավելի քիչ ապավինի ԱՄՆ-ում գնալով ավելի անկայուն քաղաքական ցիկլերին՝ մեծացնելով այն ռիսկը, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել իր նախկին պարտավորություններից (Եվրոպայում պաշտպանության հարցում - «Կոմերսանտ»): ԵՄ բոլոր անդամները կհամաձայնեն մինչեւ 2028 սկսել համաեվրոպական զինված ուժերի կառուցումը, որոնք ամբողջովին եւ ինքնուրույն պատասխանատու կլինեն անվտանգության համար՝ ցամաքի եւ ջրի վրա, օդում եւ տիեզերքում: Դրա համար, ըստ Saxo Bank-ի, առաջիկա 20 տարիների ընթացքում ԵՄ-ն €10 տրիլիոն կհատկացնի։


Բանկի վերլուծաբանները նաեւ ակնկալում են, որ 2023 թվականին Մեծ Բրիտանիան հանրաքվե կանցկացնի Brexit-ից հրաժարվելու համար: «Ռեցեսիայի, գնաճի եւ դրանցից առաջացած հասարակական բողոքի ճնշման ներքո երկրում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ: Շատերը նշում են, որ բրիտանացիների ավելի երիտասարդ սերնդի ճնշող մեծամասնությունը՝ 18-24 տարեկանների մոտ 80%-ը, կողմ է եղել երկիրը ԵՄ կազմում պահպանելուն։ Մինչդեռ 65-ից բարձր մարդկանց երկու երրորդը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին»,- նշել է բանկի վերլուծաբան Ջեսիկա Ամիրը: Այս ֆոնին, նրա կարծիքով, հաջորդ տարվա երրորդ եռամսյակում արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության կարող է գալ Լեյբորիստական կուսակցությունը, որը եւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով նոր հանրաքվե կկազմակերպի։

Եվս մեկ քաղաքական ցնցում կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում: Մի կողմից ձախերի, մյուս կողմից՝ Մարին Լը Պենի գլխավորած աջերի աճող ազդեցության ֆոնին նախագահ Մակրոնը «անսպասելիորեն կհայտարարի իր հրաժարականի մասին»։

Սակայն վերլուծաբանները չեն բացառում, որ Մակրոնը կարող է միայն որոշ ժամանակով հեռանալ մեծ քաղաքականությունից եւ վերադառնալ՝ ինչպես դա արեց Շառլ դը Գոլը 1958 թվականին։

Saxo Bank-ի վերլուծաբանները կարծում են, որ «պատերազմական տնտեսության» մարտահրավերները կզգացվեն ոչ միայն քաղաքականության, այլեւ տնտեսության մեջ։ Էներգակիրների գների աճի պայմաններում ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական ընկերությունները եւ «տեխնոֆիլ միլիարդատերերը» կստեղծեն բազմամիլիարդանոց նախագիծ՝ ուղղված էներգետիկ ոլորտում նոր հնարավորությունների բացահայտմանը։ Բանկը կարծում է, որ նոր նախագծում ներդրումները կկազմեն մոտ $1 տրիլիոն։

Գնաճի ճնշումը եւ աշխարհաքաղաքական անկայունությունը կշարունակեն ազդել ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլեւ ֆինանսական շուկայի վրա, կարծում են դանիական բանկում։ Այս ֆոնին պետությունները կորդեգրեն ավելի պահպանողական քաղաքականություն՝ նվազեցնելով ներդրումները բարդ ֆինանսական գործիքներում եւ ներդրումներ կատարելով ավանդական ակտիվներում, ինչպիսին է ոսկին: 2023 թվականին այս թանկարժեք մետաղի նկատմամբ պահանջարկի աճը, ըստ Saxo Bank-ի, կհանգեցնի նրան, որ դրա գինը մեկ ունցիայի համար ներկայիս $1,8 հազարից կբարձրանա մինչեւ $3 հազար։

Saxo Bank-ի մեկ այլ կանխատեսմամբ՝ առնվազն մեկ երկիր կորոշի աստիճանաբար դադարեցնել մսի արտադրությունը: Saxo Bank-ը եզրակացնում է, որ «2023 թվականին աշխարհի առնվազն մեկ երկրում որոշում կընդունվի կլիմայի փոփոխության դեմ պայքարում հայտնվել առաջնագծում եւ 2025 թվականից սկսած մսամթերքի արտադրության վրա ավելի բարձր հարկեր սահմանել, իսկ 2030 թվականից ամբողջությամբ հրաժարվել մսի ներքին արտադրությունից՝ զարգացնելով տեխնոլոգիաներն ու բուսական նմանօրինակների արտադրությունը, որն ավելի մարդասիրական է եւ ավելի քիչ ջերմոցային արտանետումներ է առաջացնում»։
Դիտում՝ 8595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW