Գնաճի դանդաղում Թուրքիայում՝ «մտահոգիչ հիմնական միտումների պահպանմամբ»

05.12.2022 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #գնաճ
Թուրքիայում գնաճը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ դանդաղել է. նոյեմբերին տարեկան կտրվածքով այն իջել է մինչեւ 84,39%՝ մեկ ամիս առաջվա 85,51%-ից, հայտնել է երկրի վիճակագրության ինստիտուտը։

Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վերջին անգամ Թուրքիայում գները նվազել էին 2021 թվականի գարնանը. ապրիլին երկրում գնաճը կազմել էր 17,14%, մայիսին՝ 16,59%։

«Եթե գլոբալ մակարդակում անսպասելի իրադարձություններ տեղի չունենան, ապա գնաճի գագաթնակետն անցել է, մենք մտել ենք նվազման փուլ»,- Twitter-ում գրել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին։

Նոյեմբերին Թուրքիայում գնաճը ցածր է եղել Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետների միջին կանխատեսումներից. նրանք տարեկան կտրվածքով ակնկալում էին 84,8% գնաճ: Գործակալությունը նշում է, որ նոյեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածներն ակնկալում են, որ 2022 թվականի արդյունքներով գնաճը կնվազի մինչեւ 68%, իսկ երկու տարի հետո՝ գրեթե մինչեւ 21%։ Միաժամանակ, կարգավորիչը կանխատեսում է, որ սպառողական գների աճը տարեվերջին կկազմի 65%, ինչը 13 անգամ գերազանցում է նպատակային ցուցանիշը (5%)։



Societe Generale-ի ստրատեգ Մարեկ Դրիմալը կասկածում է, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կվերադառնա Թուրքիայի Կենտրոնական բանկի թիրախներին։ «Թեեւ տարեկան գնաճը կդանդաղի մեկ տարի առաջ լիրայի անկման բազային հետեւանքների պատճառով, այնուամենայնիվ, հիմնական միտումները նախկինի պես մտահոգիչ են»,- ասել է նա գործակալությանը:

Գները կարող են կրկին ճնշման տակ հայտնվել, եթե իշխանությունները մի քանի ամսից ընտրություններին ընդառաջ լրացուցիչ խթանող միջոցներ ձեռնարկեն: Սպասվում է, որ դեկտեմբերին կհայտարարվի նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։

«Գալիք տարվա ընտրություններին ընդառաջ քաղաքականությունը կրակի վրա յուղ կլցնի։ Սակայն, ինչն ավելի վատ է՝ ռիսկերը նույնպես աճում են. տնտեսության վերջին անկումը կարող է քաղաքական ղեկավարության կողմից էլ ավելի զանգվածային ֆիսկալ խթաններ առաջացնել՝ ավելի շատ բարձրացնելով պահանջարկը եւ գների աճը»,- ասել է Bloomberg-ի տնտեսագետ Բահար Բազիկին:
Դիտում՝ 5761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW