Եվրամիությունն իր պաշտոնական ամսագրում հրապարակել է Ռուսաստանից մատակարարվող նավթի գների առաստաղ (price cap) սահմանելու որոշումը՝ $60 մեկ բարելի դիմաց, հաղորդում է RBC-ն։ Փաստաթղթի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։Դեկտեմբերի 2-ին Միության անդամ երկրները երկար քննարկումներից հետո համաձայնության են եկել գնի սահմանաչափի շուրջ, դրանից հետո նմանատիպ միջոցներ են ընդունել նաեւ «Մեծ յոթնյակ»-ի երկրները եւ Ավստրալիան։ Միասին այս երկրները կազմում են Գների սահմանաչափի կոալիցիա:«Գների սահմանաչափի նպատակներին հասնելու համար, ներառյալ՝ Ռուսաստանի նավթային եկամուտները նվազեցնելու կարողությունը, առավելագույն գինը պետք է առնվազն 5%-ով ցածր լինի ռուսաստանյան նավթի եւ նավթամթերքի շուկայական միջին գնից՝ հաշվարկված Միջազգային էներգետիկ գործակալություն տվյալների հիման վրա»,- ասված է հրապարակման մեջ։ԵՄ որոշման մեջ նշվում է, որ գների առաստաղի մեխանիզմը կվերանայվի յուրաքանչյուր երկու ամիսը մեկ՝ սկսած հաջորդ տարվա հունվարի կեսից: Վերանայումը պետք է հաշվի առնի ներդրված միջոցի իրականացման արդյունավետությունը, այլ պետությունների միացումը մեխանիզմին, ինչպես նաեւ ԵՄ-ի վրա հնարավոր ազդեցությունը: Բացի այդ, միջոցը պետք է արձագանքի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, ներառյալ՝ հնարավոր ցնցումները:Գների առաստաղի մեխանիզմի կիրառման շուրջ քննարկումների արդյունքներով Հունգարիան կարողացել է իր համար բացառություն սահմանել՝ երկիրը կարիք չի ունենա կիրառելու այդ միջոցը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ «վաղուց ժամանակն է», որպեսզի Բրյուսելը գիտակցի, որ նման միջոցները վնասում են եվրոպական տնտեսությանը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ավելացնել էներգակիրների մատակարարումը, քանի որ դա կարող է նվազեցնել գները։Մեկնաբանելով Կոալիցիայի որոշումը՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ասել է, որ Ռուսաստանը մեխանիզմ է մշակում, որը կարգելի ռուսաստանյան նավթի գնային առաստաղի կիրառումը։«Մենք կարծում ենք, որ այս գործիքը շուկայական չէ, այն արդյունավետ չի լինի։ Մենք աշխատում ենք price cap գործիքի կիրառման արգելքների վրա՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակ կսահմանվի, քանի որ նման միջամտությունը, ինչպես մենք ենք կարծում, կարող է հանգեցնել շուկայի հետագա ապակայունացման»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 4387