Alibaba-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեկ Ման կես տարի առաջ լքել է Չինաստանը եւ բնակվում է Ճապոնիայում։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով աղբյուրները։Թերթը գրում է, որ Ջեկ Ման լքել է երկիրը «Պեկինի կողմից երկրի տեխնոլոգիական ոլորտի եւ դրա ամենաազդեցիկ գործարարների նկատմամբ շարունակվող խիստ միջոցների ֆոնին»։FT-ի աղբյուրները հայտնել են, որ Ջեկ Ման բնակվում է Տոկիոյի կենտրոնում եւ ընտանիքի հետ այցելել է Ճապոնիայի տաք աղբյուրներ ու լեռնադահուկային հանգստավայրեր, ինչպես նաեւ մեկնել է ԱՄՆ եւ Իսրայել:Պարբերականի զրուցակիցները տարբեր տեղեկություններ են հայտնում այն մասին, թե կոնկրետ ինչով է զբաղված ներկայում միլիարդատերը։ Որոշ աղբյուրներ ասում են, որ նա նվազագույնի է հասցրել հասարակական գործունեությունը եւ Տոկիոյի մասնավոր ակումբներում շփվում է հարուստ չինացիների հետ: Մյուսները հայտարարել են, որ Ման փորձում է ընդլայնել իր բիզնես շահերը էլեկտրոնային առեւտրից դուրս: Ոմանք էլ պնդում են, որ նա սկսել է զբաղվել կոլեկցիաներ հավաքելով եւ նկարչությամբ։2020 թվականի հոկտեմբերին Ման քննադատեց Չինաստանի իշխանությունների քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, զսպում է նորարարությունները ֆինանսական ոլորտում։ Մասնավորապես, ինչպես նշում է FT-ն, նա խոսել է Չինաստանի պետական բանկերի «լոմբարդային մտածելակերպի» մասին եւ կոչ արել վարկավորմամբ զբաղվող շուկայի նոր խաղացողներին միջոցներ տրամադրել աղքատներին:Դրանից հետո Ջեկ Մայի ընկերությունները (Alibaba-ից բացի, նրա ընկերություններից է նաեւ ֆինանսական Ant Group-ը, որին պատկանում է Alipay-ը) դժվարություններ ունեցան։ Մասնավորապես, Ant Group-ը պետք է անցկացներ պատմության մեջ ամենախոշոր IPO-ն՝ հնարավորություն ունենալով ներգրավել մինչեւ $34,4 միլիարդ: Սակայն ընկերությունը հայտարարեց, որ գործընթացը կասեցվել է չինական կարգավորիչների կողմից, իսկ The Wall Street Journal-ը գրեց, որ դա եղել է անձամբ Չինաստանի նախագահ Սի Ցզպինի որոշումը, քանի որ իշխանությունները մեծ դժգոհություն ունեին գործարարի հոկտեմբերյան ելույթից։Ըստ Forbes-ի՝ Ջեկ Մայի կարողությունը կազմում է մոտ $22 միլիարդ, նա հինգերորդն է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ Tweet Դիտում՝ 4715