«Հայաստանի տնտեսության մեկանգամյա երկնիշ աճը»․ հայացք դրսից

19.11.2022 | 22:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Renaissance Capital #S&P Global Ratings #Expert RA
Հայաստանը դարձել է ռուսաստանցիների տեղափոխման հիմնական շահառուն Ուկրաինայում հակամարտության պատճառով, ասված է Renaissance Capital-ի զեկույցում՝ նվիրված Հայաստանի տնտեսությանը:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ ներդրումային ընկերության վերլուծաբանները Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կանխատեսում են մինչեւ 14% մակարդակում, թեեւ տարեսկզբին ակնկալում էին, որ երկրի տնտեսությունը կաճի 5%-ով։

Այս տարվա երկնիշ տնտեսական աճի պատճառների թվում S&P Global Ratings-ի վերլուծաբաններն իրենց զեկույցում նշում են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որը նպաստել է երկրի վճարային հաշվեկշռին, ինչպես նաեւ ներքին պահանջարկի աճը՝ կապված մարդկանց զանգվածային ներհոսքի հետ։ Միայն հուլիս-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիները Հայաստան են մուտք գործել մոտ 267 300 անգամ։

Ռուսաստանցիների ներհոսքի պատճառով ՏՏ ոլորտը դարձավ ամենաարագ զարգացողներից մեկը Հայաստանում։ «Մենք տեսնում ենք, որ ՏՏ հատվածն այժմ այնքան էլ մեծ չէ ՀՆԱ-ի մասշտաբներում, սակայն պետությունը նպաստում է ժամանող մասնագետների կամ ՏՏ բիզնեսի տեղայնացմանը, ինչը ձեռնտու է տնտեսության համար: Այս ոլորտում մենք ականատես կլինենք երկնիշ ուժեղ աճի»,- նշել է Renaissance Capital-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը:

Նրա խոսքով՝ Հայաստանում շահել են հյուրընկալությանն ուղղված բոլոր ոլորտները։ «Հյուրանոցային, ռեստորանային, սպասարկման եւ առեւտրի ոլորտներն այս պահին մինչեւ 30% աճ են գրանցում»,- ասել է փորձագետը։

Ռուսաստանցիների ներհոսքից շահել է նաեւ շինարարության ոլորտը․ ըստ Renaissance Capital-ի՝ շինարարության ծավալները տարեկան կտրվածքով կավելանան 15-20%-ով։ «Չնայած ռուսաստանցիների ներհոսքին, այս շուկայում գերտաքացման ռիսկերը զսպված են, քանի որ պետական քաղաքականությունը պահպանողական է, իսկ անշարժ գույքի սեփականատերերը վարձակալության հարցում հաճախ ավելի խիստ են օտարերկրացիների նկատմամբ, քան տեղացիների, եւ նրանց համար ավելի բարձր գներ են սահմանում»,- նշել է Դոնեցը:

Երկրի տնտեսությանն աջակցել է նաեւ դեպի Ռուսաստան արտահանման ավելացումը։ Renaissance Capital-ի տվյալներով՝ 2022 թվականի 9 ամսում արտահանումն աճել է 60%-ով՝ հիմնականում դեպի Ռուսաստան հոսքի շնորհիվ։ «Հայաստանը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը, այնուամենայնիվ, նախաձեռնվել է լոգիստիկայի վերակառուցում։ Ռուսաստանը Հայաստանի համար առանցքային առեւտրային գործընկերներից մեկն է»,- ընդգծել է Դոնեցը։

Նա առանձնացրել է մի քանի պատճառ, ըստ որոնց Հայաստանը կարձանագրի ամենամեծ տնտեսական աճը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների շրջանում. «Երկիրն ունի շահեկան աշխարհաքաղաքական դիրք, նրա տնտեսությունը փոքր է, իսկ իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի ժամանողները մնան»։

Դոնեցը կարծում է, որ Հայաստանը «քաղցած էր» այցելուների առումով։ «Վերջին տարիներին համավարակի պատճառով ծառայությունների ոլորտը թերծանրաբեռնված էր։ Զբոսաշրջային հոսքը վերականգնվել է՝ հասնելով մինչհամավարակային մակարդակի․ դրա վրա ազդել է նաեւ ռուսաստանցի զբոսաշրջիկների ներհոսքը, ովքեր այս տարի սահմանափակված էին ընտրության առումով»,- նշել է փորձագետը։

«Երկրի տնտեսության երկնիշ աճը մեկանգամյա երեւույթ է»,- կարծում է Դոնեցը։ Սակայն, նրա կարծիքով, Հայաստանը միանշանակ ունի կայուն տնտեսական աճի պաշար։ «Այս ամենն՝ ի շնորհիվ բիզնեսին ուղղված տնտեսական բարեփոխումների, շուկաների զարգացման, շահավետ աշխարհագրական դիրքի եւ գործազուրկներին ներգրավելու մեծ պաշարի»,- պարզաբանել է նա: Renaissance Capital-ն ակնկալում է, որ հաջորդ տարի տնտեսությունը կաճի 5%-ից 7%-ի սահմաններում:

Expert RA վարկանիշային գործակալության մակրոտնտեսական վերլուծության եւ կանխատեսումների գծով կառավարիչ տնօրեն Անտոն Տաբախը նույնպես կարծում է, որ Հայաստանի տնտեսական սրընթաց աճը ժամանակավոր է: «Նման տնտեսություններն իրենց չափերի պատճառով լավ չեն մարսում մարդկանց, ուստի դժվար թե ժամանած ռուսաստանցիները կարողանան երկարաժամկետ հեռանկարում օգնել երկրին»,- նշել է նա:

Ռուսաստանցիների ժամանումը հանգեցրեց երկրի ազգային արժույթի զգալի ամրապնդմանը։ Հայկական դրամն այս տարի արժեւորվել է գրեթե 30%-ով, մինչդեռ զարգացող այլ շուկաների արժույթներն արժեզրկվել են ֆինանսավորման պայմանների գլոբալ խստացման եւ ընթացիկ գործարքների սալդոյի վատթարացման պատճառով, նշել են S&P-ում: Օրինակ, եվրոն եւ ֆունտը այս տարի արժեզրկվել են ավելի քան 5%-ով, ինչպես եւ Չինաստանի ու Հնդկաստանի արժույթները։

Տարեկան գնաճն այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կազմել է 9,5%, ինչը ցածր է Վրաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Մոլդովայի նմանօրինակ ցուցանիշից։ «Այսպիսի ցածր գնաճը պայմանավորված է պետության պահպանողական քաղաքականությամբ»,- ընդգծել է Դոնեցը։

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում որոշ ռուսաստանցիներ կցանկանան լքել Հայաստանը, ինչը կբերի երկրի տնտեսության դանդաղեցմանը, նշել է տնտեսագետը։ «Այս ռիսկերը միանշանակ կան։ Եվ լավ է, որ կառավարությունում ռուսաստանցիների ներհոսքը որպես միտում չեն ընկալում։ Գումարների լրացուցիչ ներհոսքը իշխանությունները ծախսել են բյուջեի դեֆիցիտի եւ արտաքին պարտքի կրճատման վրա։ Ընդհանուր առմամբ, ստացված միջոցները խելամիտ են օգտագործվել, դրանք չեն ծախսվում գերտաքացումն ավելի խթանելու համար»,- կարծում է նա։

Renaissance Capital-ում գտնում են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հնարավոր սրացումը նույնպես տնտեսական ռիսկ է ներկայացնում երկրի համար: Ինչպես նշել են ընկերությունում, երկրի իշխանությունները կարող են ավելի շատ գումար ծախսել զինամթերքի վրա, քանի որ հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը թուլացրել է աջակցությունը Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հետ կապված։
Դիտում՝ 7552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW