Թուրքիայի նոր պահանջները կարող են խոչընդոտել ռուսաստանյան նավթի արտահանմանը

18.11.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #Ռուսաստան #նավթ
Դեկտեմբերի 1-ից Թուրքիան լրացուցիչ պահանջ կներկայացնի հում նավթ տեղափոխող լցանավերի (տանկեր) նկատմամբ՝ նեղուցներով անցնելու համար։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։

Նավթ առաքողները, որոնց երթուղին անցնում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով, պետք է ապացուցեն ապահովագրության առկայությունը։ Սա կարող է արգելափակել ռուսաստանյան նավթով լցանավերի անցումը։

Նոր պահանջների համաձայն՝ նավթ տեղափոխող նավերը պետք է ապահովագրական ընկերությունից ունենան նամակ, որը հաստատում է նավի մոտ P&I ապահովագրության (Protection and Indemnity, «պաշտպանություն եւ հատուցում») առկայությունը: Ապահովագրության այս ձեւը Անկարային թույլ կտա ծածկել իր պատասխանատվությունը շրջակա միջավայրին, բեռին կամ երրորդ անձանց վնաս պատճառելու դեպքում, ինչպես նաեւ տույժերն ու տուգանքներն իր նավերի շահագործման ընթացքում:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության շրջաբերականում ասված է, որ եթե նավերն առանց ապահովագրության անցնեն նեղուցներով, կարող են զգալի վնասներ պատճառել ջրային ուղիներին։ Բացի այդ, նեղուցում գտնվող բոլոր նավերի շարժը կարող է դադարեցվել, եթե չապահովագրված նավը վթարի ենթարկվի։

Գործակալությունը նշում է, որ նոր պահանջները կարող են սահմանափակել Ռուսաստանից նավթի մատակարարումը, քանի որ դեկտեմբերից ուժի մեջ են մտնում նաեւ Եվրամիության (ԵՄ) եւ Մեծ Բրիտանիայի լրացուցիչ սահմանափակումները Ռուսաստանի հետ առեւտրում։

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ռուսաստանյան նավթի եւ նավթամթերքի վրա էմբարգո են սահմանել դեռեւս մարտին՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների պատճառով: Դրան հետեւեց ԵՄ որոշումը՝ դեկտեմբերի 5-ից հրաժարվել ռուսաստանյան նավթի ծովային մատակարարումներից:

Նոյեմբերի 4-ին «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրները եւ Ավստրալիան վերջնականապես պայմանավորվեցին ռուսաստանյան նավթի համար ֆիքսված գին սահմանելու շուրջ։ Գնային առաստաղը նախատեսվում է համաձայնեցնել մինչեւ նոյեմբերի ավարտը։ Ռուսաստանն, իր հերթին, հրաժարվեց էներգառեսուրսներ մատակարարել սահմանափակ գներով։

Լցանավերի ապահովագրության համաշխարհային շուկայի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում International Group of P&I Clubs ապահովագրական ընկերությունների ասոցիացիային: Այն ենթարկվում է եվրոպական օրենսդրությանը: Դեկտեմբերի 5-ից ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան կարգելեն տրանսպորտային եւ ապահովագրական ծառայությունների մատուցումը, եթե վաճառվող ռուսաստանյան նավթի գինը բարձր լինի առաստաղից։ Այն դեռ որոշված չէ, սակայն հաղորդվել է, որ դրա չափը կարող է սահմանվել մեկ բարելի դիմաց $60 մակարդակում։
Դիտում՝ 9663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW