Մեծ Բրիտանիա․ ռեցեսիայի սկիզբը եւ դժվար որոշումներ կայացնելու ժամանակը

18.11.2022 | 08:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #Ջերեմի Հանթ #ռեցեսիա
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը (Jeremy Hunt) ներկայացրել է երկրի բյուջեի նոր նախագիծը՝ նշելով, որ ստիպված է «դժվար որոշումներ» կայացնել՝ ապահովելու տնտեսության օպտիմալ «կայունության ուղին», հաղորդում է Finmarket-ը։

Հանթի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի Բյուջետային պատասխանատվության գրասենյակի (Office for Budget Responsibility, OBR) գնահատականները ցույց են տալիս, որ երկրի տնտեսությունում ռեցեսիան արդեն սկսվել է: Այնուամենայնիվ, 2022 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կաճի 4,2%-ով:

Նախարարը նշել է, որ OBR-ի կանխատեսումները Մեծ Բրիտանիայի տնտեսության համար 2023-24թթ․ վատթարացել են հիմնականում էներգակիրների բարձր գների պատճառով։

Սպասվում է, որ բրիտանական ՀՆԱ-ն 2023 թվականին կնվազի 1,4%-ով, իսկ 2024 թվականին կաճի 1,3%-ով։ OBR-ի մարտ ամսվա կանխատեսումները նախատեսում էին համապատասխանաբար 1,8% եւ 2,1% աճ։ Տնտեսության աճի կանխատեսումները 2025-26թթ․ համար բարելավվել են համապատասխանաբար՝ 1,8%-ից մինչեւ 2,6% եւ 1,7%-ից մինչեւ 2,7%:

Գնաճը երկրում այս տարի կկազմի 9,1%, իսկ 2023 թվականին կդանդաղի մինչեւ 7,4%, կանխատեսում է OBR-ը։ «Մեր այսօրվա գործողությունները կհանգեցնեն գնաճի զգալի դանդաղեցման հաջորդ տարվա կեսից»,- հայտարարել է Հանթը։

Նա նշել է, որ իր բյուջետային նախագծով ենթադրվում է երկու նոր կանոնների ներդնում։

«Նախ, պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է կրճատվի հինգ տարում։ Երկրորդ, պետական փոխառությունները նույն ժամանակահատվածում պետք է լինեն ՀՆԱ-ի 3%-ից պակաս»,- Հանթի խոսքերն է մեջբերում Financial Times-ը:

Ընթացիկ ֆինանսական տարում Մեծ Բրիտանիայի փոխառությունները կկազմեն ՀՆԱ-ի 7,1%-ը, ասել է Հանթը։ Բյուջեի դեֆիցիտը, ըստ OBR-ի նոր գնահատականների, այս ֆինանսական տարում կկազմի 177 միլիարդ ֆունտ (մարտի կանխատեսումը՝ 99,1 միլիարդ ֆունտ էր)։

Հանթը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կպահպանի 55 միլիարդ ֆունտ ստեռլինգի պլանը՝ սուբսիդավորելու տնային տնտեսությունների եւ բիզնեսի էլեկտրաէներգիայի համար ծախսերը, որը պատրաստվել էր նախկին վարչապետ Լիզ Թրասի եւ Ֆինանսների նախկին նախարար Կվազի Կվարթենգի կողմից:

Հանթի նախագիծը ենթադրում է մի շարք հարկային միջոցներ, որոնք պետք է ավելացնեն բյուջեի եկամուտները: Մասնավորապես, ծրագրվում է նվազեցնել բրիտանացիների տարեկան եկամտի շեմը, որը ենթակա է առավելագույն հարկման, ներկայիս 150 հազարից մինչեւ 125,14 հազար ֆունտ։

Բացի այդ, կսառեցվի Կվարթենգի կողմից նախատեսվող եկամտահարկի եւ ժառանգության հարկի նվազեցումը։ Նախատեսվում է նաեւ չեղարկել 2015 թվականից էլեկտրամոբիլների ակցիզային հարկի արտոնությունը։

Բյուջեի նախագծով ծրագրվում է նաեւ լրացուցիչ 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացնել կրթությանը:
Դիտում՝ 9135
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW