Ռուսաստանի Բանկը (ԿԲ) դեռեւս նախադրյալներ չի տեսնում կապիտալի շարժի նկատմամբ նախկինում ներդրված սահմանափակումների հետագա թուլացման համար, հայտարարել է ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան։«Մեր պահուստների արժութային մասի սառեցումից հետո մենք չկարողացանք ինտերվենցիաներ իրականացնել՝ արժութային շուկայում անկայունությունն ու տատանումները հարթելու համար։ Այդ պատճառով մենք ստիպված եղանք կապիտալի շարժի սահմանափակումների լայն շրջանակ մտցնել»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։Նրա խոսքով՝ իրավիճակի կայունացմանը զուգընթաց այդ սահմանափակումներն աստիճանաբար մեղմացվում են՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար պայմանները հարմարավետ դարձնելու նպատակով։ «Այս մասին խնդրեցին մեր ձեռնարկությունները, որպեսզի կարողանան զարգացնել արտաքին տնտեսական գործունեությունն այն երկրների հետ, որոնք պատրաստ են հարաբերություններ կառուցել մեզ հետ»,- պարզաբանել է ԿԲ նախագահը։«Սակայն այս պահին մենք նախադրյալներ չենք տեսնում արժութային սահմանափակումների հետագա ազատականացման համար»,- ընդգծել է Էլվիրա Նաբիուլինան։ Tweet Դիտում՝ 4593