ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ Ֆինանսների նախարարությունը ոչ հրապարակային կոչ են անում խոշոր բանկերին չհրաժարվել համագործակցությունից «ռուսաստանյան ռազմավարական որոշ ընկերությունների հետ»։«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։Խնդրանքն ուղղված է այդ թվում JPMorgan-ին եւ Citigroup-ին: Նրանց հորդորում են չհրաժարվել «հիմնական ծառայություններից» այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են «Գազպրոմ»-ը, «Ուրալկալի»-ն, «Ֆոսագրո»-ն:Bloomberg-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերին Կոնգրեսի լսումների ժամանակ JPMorgan-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնին մեղադրել էին սողանցքներ օգտագործելու մեջ պատժամիջոցները շրջանցելու, մասնավորապես՝ «Գազպրոմ»-ի հետ բիզնես վարելու համար։ Դայմոնը հայտարարել էր. «Մենք հետեւում ենք ամերիկյան կառավարության հրահանգներին, քանի որ նրանք մեզ խնդրել են դա անել»։Գործակալության տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմի քողարկված ջանքերն ուղղված են պատժամիջոցների բացասական հետեւանքների նվազեցմանը։ Նշվում է, որ այս կերպ ԱՄՆ իշխանությունները փորձում են խուսափել «գլոբալ տնտեսական աղետից»։ Դրա համար Ֆինանսների նախարարությունը եւ Պետդեպարտամենտը խնդրել են բանկերին շարունակել «հիմնական ծառայություններ» տրամադրել ռուսաստանյան որոշ բանկերին, ինչպիսիք են դրամական փոխանցումները եւ դոլարի փոխարկումը: JPMorgan-ը եւ Citigroup-ը հրաժարվել են մեկնաբանություններից: ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ ավելի վաղ ուղեցույց է հրապարակել բանկային հատվածի համար, որտեղ ասվում է, որ մարդասիրական օգնության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունը թույլատրելի է: Tweet Դիտում՝ 4743