ՔՈԱՖ-ը եւ ՀայՓոստը նորացված փոստային բաժանմունք եւ դեղատուն են բացել Դեբետում
04.11.2022 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՔՈԱՖ




«Նոր եւ ժամանակակից փոստային բաժանմունքը բնակիչներին կապահովի ՀայՓոստի ծառայությունների եւ ապրանքների ամբողջական փաթեթով՝ ունենալով մեկի փոխարեն երեք աշխատակից, ինչն էլ էապես կբարելավի հաճախորդների սպասարկումը:
ՀայՓոստ Մեդը համայնքին կապահովի բարձրորակ եւ մատչելի դեղորայքով, ինչպես նաեւ կունենա դեղեր պատվիրելու եւ առաքելու հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում:
ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը նշել է, որ սա գյուղական բնակավայրում բացվող նմանատիպ առաջին բաժանմունքն է:
«ՀայՓոստը սոցիալական կարեւոր գործառույթ է իրականացնում Հայաստանի բոլոր գյուղերում: ՀայՓոստը գյուղական կյանքի բարելավմանը միտված նոր ծրագրեր ունի, որոնք առաջիկայում կներկայացնենք հանրությանը»,- ասել է Արայիկ Աբրահամյանը:
ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ իր հերթին նշել է, որ Դեբետում ստեղծել են աշխատատեղեր եւ ժամանակակից աշխատանքային միջավայր:
«Մեր կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանք գտնել եւ կիրառել այն հմտությունները, որոնք ձեռք են բերել կարիերային զարգացման մեր ծրագրերի միջոցով: Մեր ռազմավարական համագործակցությունը ՀայՓոստի հետ ապագայում ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ նախագիծը կարող է մասշտաբային դառնալ՝ կիրառություն գտնելով ողջ հանրապետությունում»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը:
ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերն ուղղված են բիզնեսի եւ ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք նախատեսված են Հայաստանի գյուղական վայրերում տնտեսական աճ ապահովելու համար: 2004 թ.-ից ի վեր կազմակերպությունը վերանորոգել է 170-ից ավելի ենթակառուցվածքային միավոր՝ այդպիսով 60-ից ավելի գյուղերում նպաստելով աղքատության եւ սոցիալական խոցելիության նվազմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: