Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ երկրի տնտեսությունը բում է ապրում: «2022 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4%: Սա չափազանց կարեւոր ցուցանիշ է: Այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որպեսզի 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի ու պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական դժվարություններն ու վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը, ինչը չափազանց կարեւոր է: Պատկերավոր ասած՝ մենք կկարողանանք վերադառնալ 2019 թվականի տեմպին»,- ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ կառավարության մեծագույն դերակատարումն է, որ երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել տնտեսական դժվարություններին ու օգտվել տնտեսական աճի այն հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել: «2018 թվականից մեր մոտեցումը տնտեսությանը եղել է հետեւյալը, որ պետք է կառավարությունը հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին եւ ավելի շատ զբաղված լինի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով ու պրոբլեմների հաղթահարումներով: Այս առումով, կարծում եմ, որ մենք քաղում ենք պտուղները»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի արդյունքներով սպասվում է, որ բյուջեի հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը:«2022 թվականին 2018-ի համեմատ 52%-ով ավելացրել ենք բյուջեի եկամտային մասը: 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդով կամ 75,1%-ով: Հեղափոխությունից չորս տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75%-ով»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնկալվում է, որ 2022 թվականի բյուջեն մոտ 80 միլիարդ դրամով կգերազանցի նախատեսվածից: Tweet Դիտում՝ 2706