«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։ Վերլուծության մեջ, մասնավորապես, ասված է. • Ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետեւանքով դեպի ՀՀ կապիտալի եւ մարդկանց ներհոսքով պայմանավորված՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ: Այնուամենայնիվ, վերջին երկու ամսին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում: 2022թ.-ի սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.6%՝ օգոստոսի համեմատ դանդաղելով 3.9 տոկոսային կետով, իսկ հուլիսի համեմատ՝ 4.8 տոկոսային կետով: • Գնաճի տեմպը նախորդ ամիսներին որոշակիորեն դանդաղելուց հետո կրկին սկսել է արագանալ: 12-ամսյա գնաճի տեմպը սեպտեմբերին արագացել է՝ հասնելով 9.9%-ի: Կենտրոնական բանկն արդեն սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Ի դեպ, ընթացիկ տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն գնաճի տեմպը շարունակել է արագանալ: Հետեւաբար, անհրաժեշտ է նաեւ կիրառել տնտեսության կարգավորման այլ գործիքներ գնաճի տեմպը նվազեցնելու համար:• Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալները շարունակում են բարձր տեմպերով աճել: Դա նշանակում է, որ ՀՀ տնտեսություն շարունակում է մտնել մեծ քանակությամբ կապիտալ՝ հանգեցնելով փոխարժեքի հետագա արժեւորմանը: Այս պայմաններում, կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է միջոցներ ձեռնարկեն կապիտալի հոսքերի կառավարման համար (օրինակ՝ ինտերվենցիաների իրականացում կամ այլ գործիքներ, որոնք միտված լինեն շուկայում ավելցուկային կապիտալի ստերիլիզացմանը), որպեսզի դրանց բացասական ազդեցությունները տնտեսության վրա հնարավորինս չեզոքացվեն: Սակայն դրամական ներհոսքի մեծ ծավալների հետ միաժամանակ նկատվում է ՏԱՑ-ի դանդաղում, ինչը նույնպես պետք է լինի մակրոտնտեսական քաղաքականություն մշակողների ուշադրության կենտրոնում:• ՀՀ արտաքին առեւտուրը աճում է աննախադեպ բարձր տեմպերով: Ե՛վ արտահանման, եւ՛ ներմուծման ծավալները վերջին ամիսներին էականորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին: Այստեղ առկա է վերաարտահանման երեւույթ՝ կապված ՌԴ նկատմամբ կիրառվող սանկցիաների եւ դրանց ստեղծած հնարավորությունների հետ: Դա լրացուցիչ հիմնավորվում է այն փաստերով, որ ներքին տնտեսության հիմնական շարժիչ ուժերը այդ չափով չեն աճում: Հետեւաբար, կառավարությունը մի կողմից՝ պետք է քայլեր ձեռնարկի գերշահույթ ստացող տնտեսավարողներին առավել արդյունավետ հարկելու ուղղությամբ, մյուս կողմից՝ պետք է գրավիչ պայմաններ ստեղծի ՀՀ տեղափոխված բիզնեսի եւ անհատների համար:• Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է գրանցվել անկում: 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 0.7%: Վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գրանցվում է շարունակական անկում, մինչդեռ այդ տարիներին կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը եւ ռեսուրսները ավելացվում են: Հետեւաբար, հարց է առաջանում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության եւ թիրախայնության վերաբերյալ:• Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանից: Պետական բյուջեի փաստացի պակասուրդը շուրջ 262.8 մլրդ դրամով շեղվել է պլանից, որը պայմանավորված է ինչպես եկամուտների ավելի հավաքագրմամբ, այնպես էլ ծախսերի թերակատարմամբ: Իհարկե, տնտեսական բարձր աճի պայմաններում հարկաբյուջետային զսպող քաղաքականության իրականացումը տեղին է, սակայն դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի թերակատարման միջոցով: Մինչդեռ նշված շեղման էական մասը՝ 76.5 մլրդ դրամը, պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 4983